«Կրոնների և բնապահպանության ալյանսի» ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը

«Կրոնների և բնապահպանության ալյանսի» ներկայացուցիչների  երկրորդ հանդիպումը  29.07.2013
«Կրոնների և բնապահպանության ալյանսի» ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը

     Հուլիսի 26-28-ը Նորվեգիայի Թրոնդհայմ քաղաքում տեղի ունեցավ «Կրոնների և  բնապահպանության ալյանսի» ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Էջմիածին քաղաքի պատվիրակությունը, որի կազմում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Էջմիածնի քաղաքապետ տիար Կարեն Գրիգորյանը և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն տիար Կարեն Նազարյանը: 

     Հանդիպումը, որին մասնակցում էին աշխարհի ավելի քան տաս հավատքային խմբերի ներկայացուցիչներ` քրիստոնյաներ, հրեաներ, մահմեդականներ, սիկխեր, հինդուներ, դաոիստներ, շինտոներ, կոնֆուցիոսականներ, բուդդիստներ, նպատակ էր հետապնդում զարգացնելու կանաչ ուխտագնացությունը` հաշվի առնելով բնապահպանությունն ու դրա հրամայականները:

     Հանդիպման ընթացքում ելույթով հանդես եկան Եվրախորհրդի Գլխավոր Քարտուղար Տոբյորն Յագլանդը, Թրոնդհայմի քաղաքապետ Ռիտա Օտերվիկը, Կոնֆուցիոսական համաշխարհային էկոլոգիական ալյանսի գլխավոր քարտուղար և Պեկինի համալսարանի պրոֆեսոր Տու Վեյմինգը, ինչպես նաև համաշխարհային տարբեր կրոնների ներկայացուցիչներ:

     
     Հայաստանի պատվիրակության անդամները կազմակերպեցին հայկական ծեսով աղոթքի արարողություն, ներկայացրեցին «Կանաչ ավանդական կերակուր» ծրագիրը, ինչպես նաև Էջմիածնի քաղաքապետարանի ու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը: Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու Թրոնդհայմ քաղաքում իրականացվող բնապահպանական ծրագրերին: Վերջում հայաստանյան պատվիրակությունը հրավեր ուղղեց «Կրոնների և  բնապահպանության ալյանսին»  հաջորդ հանդիպումը գումարել Հայաստանում: