«Կրթությունը` զարգացման նախապայման» կրթական երիտասարդական համագումար Ծաղկաձորում

Հունիս 8-10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Կրթությունը` զարգացման նախապայման» կրթական երիտասարդական համագումար` կազմակերպված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի կողմից: Համագումարին մասնակցում էին շուրջ ութսուն երիտասարդներ, ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունից, Կրթության ազգային ինստիտուտից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնից, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմական կառույցներից եւ երիտասարդական միություններից, Կլոր Սեղանի գործընկեր հասարակական կազմակերպություններից եւ այլ հարանվանություններից, հյուրեր Վրաստանից, Բելառուսից եւ Ուկրաինայից:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա իր օրհնության ու ողջույնի խոսքը ներկաներին ուղղեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ով մեծապես կարեւորեց այս նախաձեռնությունը` շեշտադրելով կրթության անհրաժեշտությունը: «Կարեւոր է, որ այսօր հնչի երիտասարդների ձայնը, ինչպես փոփոխել եւ կատարելագործել կրթական համակարգը ի շահ մեր երիտասարդ սերնդի. երիտասարդների հայացքը միշտ լինում է խիզախ, թարմ եւ համարձակ»: Այնուհետեւ Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտ. Կարեն Նազարյան, ողջունելով համագումարի մասնակիցներին, անդրադարձավ կրթական ոլորտում պետության տարբեր մարմինների, Եկեղեցու եւ հասարակական կազմակերպությունների ջանքերի կոորդինացման անհրաժեշտությանը` արդեն իսկ այս համագումարը կարեւոր քայլ նկատելով այդ ուղղությամբ:

Եռօրյա ժողովի համար որպես առաջնորդող խորագիր ընտրվել էին երկու թեմաներ` «Կրթական բարեփոխումներ. կրթական համակարգի ներկան եւ ապագան, Եկեղեցու, պետության եւ քաղաքացիական հասարակության համագործակցության հեռանկարներ» արտադպրոցական կրթության շեշտադրությամբ եւ «Կրթությունը եւ արժեքային համակարգը անհատի ձեւավորման եւ կայացման գործընթացում»:

Համաժողովին մատուցվեցին հետեւյալ զեկույցները` «Տեղեկատվություն կրթական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ, արհեստագործական ոլորտի զարգացում» (Վաղարշակ Խաչատրյան, Կրթության ազգային ինստիտուտ, Մասնագիտական կրթության բաժնի վարիչ), «Կրթություն ողջ կյանքի ընթացքում. արհեստագործական ոլորտի զարգացում, միջազգային կազմակերպությունների դերն ու համագործակցության հեռանկարները» (Նազարեթ Նազարեթյան, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Հայաստանի մասնաճյուղի ղեկավար), «Մասնագիտական կրթության իրավական կարգավորումը Հայաստանում. հնարավորություններ, խնդիրներ» (Մարինե Հակոբյան, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, գլխավոր մասնագետ), «Համայնքային կայուն զարգացում. վկայություններ դաշտից» (Անաիդա Ալլախվերդյան, «Կրթություն հանուն կայուն զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն), «Սոցիալական կենտրոնների եւ հասարակական կազմակերպությունների դերը արհեստագործական ոլորտի զարգացման գործընթացում» (Վարազդատ Կարապետյան, «Գեղարքունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատ» հասարակական կազմակերպության նախագահ), «Արտադպրոցական կրթության դերը մասնագիտական կողմնորոշման եւ անհատի ձեւավորման գործընթացում» (Նանա Դոլիաշվիլի, Թբիլիսիի երիտասարդական պալատ, Վրաստան), «Արտադպրոցական կրթություն եւ մասնագիտական կողմնորոշում» (Մելանյա Դավթյան, Կրթության ազգային ինստիտուտ, Դաստիարակության եւ լրացուցիչ կրթության բաժնի վարիչ), «Կրթական բարեփոխումներ. հասարակական կազմակերպությունների դերը այդ գործընթացում» (Իոան սրկ. Դիդենկո, Ուկրաինայի միջեկեղեցական օգնության համակարգման հանձնախմբի տնօրեն), «Ծխական գործունեություն եւ քրիստոնեական դաստիարակություն` արժեքային համակարգի ձեւավորման գործընթացում» (Տ. Կյուրեղ քհն. Տալյան, Կոտայքի թեմ), «Հասարակական կազմակերպությունների դերը արտադպրոցական կրթության եւ անհատի ձեւավորման գործընթացում» (Միկոլա Մատրունչիկ, Միջեկեղեցական առաքելություն «Քրիստոնեական սոցիալական ծառայության» տնօրեն, Բելառուս), «Սոցիալական կենտրոնների եւ հասարակական կազմակերպությունների դերը արտադպրոցական կրթության զարգացման գործընթացում» (Աստղիկ Ասրյան, Գուգարաց թեմի քարոզչական եւ սոցիալական ծրագրերի պատասխանատու), «Անհատի ձեւավորման խնդիրը արդի արժեհամակարգի եւ կրթության համատեքստում» (Տ. Վազգեն վրդ. Նանյան, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան Հոեւոր Ճեմարանի տեսուչ):

Խմբային քննարկումները ծավալվեցին հետեւյալ թեմաներով` «Մասնագիտական կրթության հիմնախնդիրները եւ լուծման ուղիները», «Հկ-ների եւ պետության փոխհարաբերությունները եւ գործակցության հնարավորությունները», «Եկեղեցին եւ լրացուցիչ կրթություն. խնդիրներ եւ լուծումներ», «Արժեքային մերօրյա համակարգի խնդիրները եւ կրթության դերը դրանց հաղթահարման գործում», «Եկեղեցի-պետություն` կրթական եւ սոցիալական համագործակցության հեռանկարներ»: Համագումարին քննված նյութերի առնչությամբ որոշվեց պատրաստել նաեւ հուշագիր:

Ժողովը վարեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տ. Վահրամ քհն. Մելիքյանը:

Հունիսի 10-ին, առավոտյան համագումարի մասնակիցները Կեչառիսի վանքում մասնակցեցին կիրակնօրյա ժամերգության, ապա այցելեցին Կոտայքի թեմում Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցի, ուր ծանոթացան եկեղեցուն կից գործող սոցիալական կենտրոնի գործունեությանը: