Կրթության մշակների օրհնություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Օգոստոսի 31-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց կրթության մշակների օրհնության մասնավոր կարգ: Գիտելիքի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռում արդեն ավանդաբար կազմակերպվող այս արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԿԳՆ աշխատակիցներ, ՀՀ մարզպետարանների կրթության վարչության պետեր, ՀՀ պետական բուհերի ռեկտորներ, ՀՀ քոլեջների և ուսումնարանների տնօրեններ, ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների տնօրեններ, ինչպես նաև Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների պատասխանատուներ:
Մայր Աթոռի միաբան Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի նախագահությամբ կատարված արարողության սկզբում ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը: Բարի գալուստ մաղթելով կրթության մշակներին համայն հայության հոգևոր կենտրոն` Հայր Սուրբն անդրադարձավ ուսուցչի վեհ կոչմանն ու առաքելությանը: «Աստվածային խորհրդի անդաստանում հայի արյան և քրտինքի ամեն մի կաթիլ նվիրյալ մանկավարժների ու կրթության գործի ազնիվ կազմակերպիչների միջոցով սիրո ուժով ծաղկել և պտղաբերել է: Եվ այսօր Տերը մեզ վրա առավել պատասխանատվություն է դրել մեր երեխաների, պատանիների և երիտասարդների կյանքում` գիտելիքին զուգահեռ զարգացնելու հոգևոր-բարոյական, ազգային-քրիստոնեական մեր այն արժեքները, որոնք մարդուն դարձնում են առավել ազնիվ և պատասխանատու իր նախնիների բարի վաստակի առջև: Այս վեհ ու նվիրական գործի առաջիկա տարեշրջանի սկզբին Տիրոջ Իջման Սուրբ Սեղանի առջև եկենք աղոթենք և ուխտենք` նախադպրոցական ուսումնական հաստատությունից մինչև կրթության և գիտության ամենաբարձր աստիճանը` անսպառ եռանդով, աննահանջ սիրով և անմնացորդ նվիրումով սնուցելու մեր զավակներին, որպեսզի ամուր վեմի վրա հաստատված մնա հայ քրիստոնյայի տեսակն իր ինքնության բոլոր արտահայտություններով` ամուր փարված մնալով Առաքելական մեր Մայր Եկեղեցուն և ազգային մեր պատկանելությանը»:
Օրհնության կարգն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և օրհնության խոսքով: Նորին Սրբությունը, շնորհավորելով ամենքին նոր ուսումնական տարվա առիթով, վստահություն հայտնեց, որ այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին կրթության և գիտության գործիչներին առավել կխանդավառի ու կզորացնի ազգանվեր ծառայության մեջ: «Ձեր առաքելությունը արարչագործության պսակը հանդիսացող մարդու կրթությունն ու դաստիարակությունն է: Եվ մենք մեծապես կարևորում ենք կրթության մշակների օրհնության այս արարողությունը, որպեսզի գաք Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Իջման Ս. Սեղանի առջև ձեր աղոթքը կատարեք, ձեր ուխտը վերանորոգեք` անդրադարձումով, որ պիտի կրթեք, դաստիարակեք մեր զավակներին Քրիստոսի Ավետարանի լույս պատվիրաններով ու պատգամներով, մեր հայրերի կերտած սրբազան ժառանգությամբ և ավանդով, որպեսզի մեր զավակները ձեր ձեռքերի մեջ հասունանան, նկարագիր ձեռք բերեն` լինելու արժանավոր զավակը մեր Հայրենիքի և մեր ժողովրդի», - նշեց Նորին Սրբությունը: Վեհափառն ընդգծեց, որ Հայրենիքի բարօր կյանքի երաշխիքը լուսավորված, կրթված, Քրիստոսի սիրով, Ավետարանի նվիրական պատվիրաններով հասակ առած և հոգի ու գիտակցություն կերտած զավակներն են: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ հայոց կյանքն անշեղորեն առաջնորդվի այն ճանապարհով, որով դարեր շարունակ քաջ ու խիզախ անցել են մեր հայրերը` հաղթահարելով ամեն փորձություն ու կյանքի դառնություն, և կերտել լուսավոր օրը մեր ժողովրդի:
Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Նորին Սրբությունը վերստին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին: