Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Ստեփանոս եկեղեցու Սբ. Սեղանի, մկրտության ավազանի օծումը
Նոյեմբերի 28-ին մեծ խանդավառությամբ տեղի ունեցավ Աբովյանի Սբ. Ստեփանոս եկեղեցու Սբ. սեղանի, մկրտության ավազանի, սրբապատկերների օծումը` ձեռամբ Կոտայքի թեմի Առաջնորդ Առաքել Եպս. Քարամյանի:
Աբովյանի Սբ. Ստեփանոս եկեղեցին երկար տարիներ չէր վերանորոգվել. եկեղեցու պատերը, մկրտության ավազանը եւ Սբ.Սեղանը անմխիթար վիճակում էին գտնվում եւ վերանորոգման խիստ կարիք ունեին: Հավատացյալների համատեղ ուժերով քահանա հայրերի հորդորներով վերանորոգվեց եկեղեցին:
Գերաշնորհ Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` բնաբան ընտրելով Ղուկասի Ավետարանի ԺԲ գլխի 15 համարը. «Տեսեք որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետեւ մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ», որից հետո իր օրհնությունը բերեց ժողովրդի հոծ բազմությանը եւ ուխտավորներին: Բարերարներին հանձնվեցին օրհնության գրեր:
Կոտայքի թեմի լրատվական բաժին