Կիրակնօրյա վարժարանների ուսուցիչների վերապատրաստում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 6-10-ը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը կայացավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմապատկան կիրակնօրյա վարժարանների շուրջ 130 ուսուցիչների վերապատրաստման դասընթացը:
Վերապատրաստման դասընթացը կազմակերպել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնը` «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:
Թեմակալ առաջնորդների օրհնությամբ, վերապատրաստման ընթացքում իրենց մասնակցությունը բերեցին քահանա հայրեր: Դասախոսություններով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը («Նոր Կտակարան. Քրիստոսի անձն իբրեւ Մեսիա»), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը («Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոներն ու ծեսերը»), «Էջմիածին» ամսագրի փոխխմբագիր Տ. Շահե աբեղա Անանյանը («Հին Կտակարան»), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Պարույր քահանա Ավետիսյանը («Հիսուս Քրիստոսի հրաշքները, բժշկությունները, առակները»), Երեւանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը («Պողոս առաքյալի նամակները եւ ընդհանրական թղթերը»): «Ժամանակակից մեթոդները մանկավարժության մեջ» թեմայով բանախոսեց ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մանկավարժ-մեթոդիստ Լիաննա Վերդյանը:
Դասախոսություններից բացի, մանկավարժները հանդիպեցին նաեւ ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի անդամ Տիկին Անահիտ Բախշյանին: Տիկին Բախշյանը հանգամանորեն ներկայացրեց կրթական համակարգի վերջին օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաեւ պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին: Մանկավարժների կողմից բարձրացվեցին մի շարք խնդիրներ եւ կատարվեցին գործնական առաջարկներ:
Համաձայն ծրագրի` անցկացվեց շարականների եւ հոգեւոր երգերի ուսուցում:
Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը ուսուցիչներին ծանոթացրեց նաեւ կիրակնօրյա կրթօջախների գործունեության փաթեթին եւ «Մեր կյանքն Աստծու հետ է» դասագրքերի հիման վրա մշակված ուսումնական ծրագրին:
Ամեն երեկո` դասախոսությունների ավարտից հետո, մասնակիցները Կեչառիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցեցին Խաղաղական ժամերգությունների, հավարտ որոնց չորս ուսուցիչներ հանդես եկան հավատքի կարեւորությանը, Քրիստոսի մարդեղությանը, ապաշխարությանը եւ սրբերի բարեխոսությանը վերաբերող բանախոսություններով:
Հուլիսի 9-ին` դասընթացի հանդիսավոր փակմանը, հոգեւոր եւ ժողովրդական երգերի գեղեցիկ կատարմամբ ելույթ ունեցավ Ս. Գեղարդավանքի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան):
Հանդիսությունը փակվեց Կոտայքի թեմակալ առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի օրհնության խոսքով, որում Սրբազան Հայրն իր գնահատանքն ուղղեց դասընթացի կազմակերպիչներին եւ մասնակիցներին` հորդորելով հավատարիմ մնալ ուսուցչի նվիրական կոչմանն ու զորավիգ լինել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շենացմանը:
Փակման հանդիսությունն ավարտվեց Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատության համար արվող հավաքական մաղթանքով եւ աղոթքով:
Հուլիսի 10-ին Սրբազան Հոր հանդիսապետությամբ Կեչառիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ձեռամբ ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի մատուցվեց Ուխտի Սուրբ Պատարագ: Միասնական Սուրբ Հաղորդությամբ մասնակիցները վերանորոգեցին իրենց ուխտն Աստծու հետ:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ