Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստում Ծաղկաձորում
Հունիսի 22-26-ը` Ծաղկաձորում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնը «World Vision» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացրեց Հայ Առաքելական Եկեղեցու հայաստանյան թեմերում գործող կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստումներ, որոնց մասնակցեցին 80-ից ավելի ուսուցիչներ ավելի քան 50 կիրակնօրյա կրթօջախներից:
Դասընթացների հանդիսավոր բացումը կատարվեց Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի օրհնությամբ, ով կարեւորեց նմանօրինակ ձեռնարկները կիրակնօրյաների զորացման գործում: Ապա ողջույնի խոսքով հանդես եկավ «World Vision»-ի հայաստանյան գրասենյակի եկեղեցու հետ կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանը:
Վերապատրաստումների ընթացքում սուրբգրային, դավանաբանական, Հայոց Եկեղեցու տոնածիսական համակարգին, խորհուրդներին, բարեպաշտական սովորություններին վերաբերող, ինչպես նաեւ մեթոդաբանական թեմաներով բանախոսություններով հանդես եկան Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Տ. Արտակ վարդապետ Տիգրանյանը, Տ. Խորեն աբեղա Առաքելյանը, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը, Տ. Պարույր քահանա Ավետիսյանը, Արարատյան Հայրապետական թեմի Երեւանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը, Հայաստանյան Աստվածաշնչային ընկերության գրասենյակի ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը, ՔԴԿ Աբովյանի տարածաշրջանի պատասխանատու Արուսյակ Տերչանյանը:
Օրվա դասախոսություններին հաջորդեցին խմբային քննարկումները, որոնց ընթացքում ուսուցիչների կողմից առաջադրվեցին մեթոդներ «Ուսուցիչ-աշակերտ», «Ուսուցիչ-ծնող», «Ուսուցիչ-եկեղեցի» եւ «Աշակերտ-ծնող» փոխգործակցության կայացման համար:
Վերջում ուսուցիչներին բաշխվեց հոգեւոր գրականություն եւ վկայականներ:
Վերապատրաստման դասընթացների ավարտին հունիսի 29-ին կազմակերպվեց կոնֆերանս` մասնակցությամբ մեկօրյա դպրոցներում ակտիվ գործունեություն ծավալած ավելի քան 20 քահանաների, ովքեր անմիջականորեն վերահսկում են կրթօջախներում կատարվող բոլոր աշխատանքները:
Քահանաներին ներկայացվեց ուսուցիչների վերապատրաստման դասախոսությունների եւ դրանց գործնական քննարկումների արդյունքները, ինչպես նաեւ կազմակերպվեց քննարկում «Մեկօրյա կրթօջախների գործունեության բարելավման ուղիները» թեմայով: