Կատարվեց Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի հուղարկավորության արարողությունը
Հունիսի 30-ին նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Թեղենիքի Սրբոց Նահատակաց եկեղեցում տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից` Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի հուղարկավորության արարողությունը:
Վաղ առավոտյան Ներսես Սրբազանի աճյունը տեղափոխվեց իր իսկ կառուցած Սրբոց Նահատակաց եկեղեցի, ուր մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը: Սրբազան արարողության ընթացքում` Ողջույնից առաջ, Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի դին դրվեց Ս. Խորանի առջեւ եւ կատարվեց Սրբազան Հոր վերջին օծման կարգը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալույս մյուռոնով օծեց Ներսես Սրբազանի ճակատը եւ աջ ձեռքը: Այնուհետեւ Ողջույնի ժամանակ Նորին Սրբությունը եւ Մայր Աթոռի միաբանները մոտեցան եւ համբուրեցին Ներսես Սրբազանի ճակատը եւ աջ ձեռքը` նրանից ստանալով վերջին ողջույնը:
Ապա դամբանական խոսքով հանդես եկավ Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը: Նա անդրադարձավ Ներսես Սրբազանի կյանքին եւ գործունեությանը, նրա գրական ժառանգությանը` շեշտելով հանգուցյալ Սրբազանի անձնվեր եւ անսակարկ ծառայությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Սրբազանը նշեց, որ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանն իր ծառայության ընթացքում գործեց առ Աստված աներեր հավատով եւ նվիրվածությամբ, իր հոգում ամբարած անհուն սերն ու ջերմությունը բաշխեց ամենքին, շատերին մերձեցրեց Աստծուն եւ Հայոց Եկեղեցուն եւ բազում հոգեւորականների համար դարձավ եկեղեցականի տիպար օրինակ: Սրբազանի վախճանման առիթով Արսեն արքեպիսկոպոսը Հայոց Եկեղեցու հոգեւորականների եւ բարեպաշտ զավակների անունից իր ցավակցությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին եւ Ներսես Սրբազանի հարազատներին` ընդգծելով, որ նրա գործերը եւ Սրբոց Նահատակաց եկեղեցին մշտապես պիտի հիշեցնեն մեզ հանգուցյալ Ներսես Սրբազանի մասին:
Ս. Պատարագի ավարտին կրկին աղոթք բարձրացվեց երկինք Ներսես Սրբազանի հոգու հանգստության համար, ապա կատարվեց հանգուցյալ Սրբազանի թաղման կարգը, որի ընթացքում Արցախի հայոց թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ընթերցեց Ներսես Սրբազանի վախճանման առիթով Ամենայն Հայոց Հայրապետին ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահ Տիար Սերժ Սարգսյանի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ցավակցական գրերը: Պարգեւ Սրբազանը տեղեկացրեց նաեւ, որ այս օրերին Մայր Աթոռում բազմաթիվ ցավակցագրեր են ստացվել, այդ թվում` Երուսաղեմի եւ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքներից, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանից, Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներից, ովքեր իրենց վշտակցությունն ու զորակցությունն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբանությանը Ներսես Սրբազանի մահվան առիթով:
Շարականների եւ սաղմոսների երգեցողության ներքո Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի աճյունն ամփոփվեց Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում:
Հուղարկավորությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ եւ տարբեր թեմերի հոգեւոր սպասավորներ, հավատացյալներ, ինչպես նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներ: