Կատարվեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 2010-2011 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը

Կատարվեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 2010-2011 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը 14.09.2010

Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) 2010-2011թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը` մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների, Ճեմարանի դասախոսական կազմի եւ սաների:

Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչության անունից բացման խոսքով հանդես եկավ փոխտեսուչ Տ. Տիրան աբեղա Պետրոսյանը: Շնորհավորելով սաներին նոր ուսումնական տարվա առիթով` հոգեշնորհ Հայր Սուրբն ասաց, որ տեսչությունը հավատացած է` այս տարին լինելու է ձեռքբերումների եւ հաջողությունների տարի: Փոխտեսուչը նախ երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին` Ճեմարանի հանդեպ նրա բարեխնամ հոգածության եւ մշտական ուշադրության համար, ապա շնորհակալություն հայտնեց տեսչության անդամներին եւ դասախոսական կազմին` ճեմարանական կյանքին կենսունակություն հաղորդելու եւ սաների հետ տարվող անտրտունջ աշխատանքի համար:

Խոսքն ուղղելով ճեմարանականներին` Տ. Տիրան աբեղա Պետրոսյանը նշեց. «Թող ձեր մուտքը Ճեմարան օրհնությամբ լինի աստվածային շնորհի եւ նախախնամության լույսի ներգործությամբ, եւ թող Աստծո պահապան աջը զորավիգ լինի ձեզ: Աղոթքս է առ Աստված, որպեսզի Տերը արդյունավորի մեր ընթացքը` իմաստության հարատեւ շնորհներ պարգեւելով մեզ` բոլորիս»:

Հոգեզմայլ հոգեւոր եւ ազգային երգերի կատարումից հետո ուսանողության անունից երախտիքի խոսք ասաց Արմեն ուրարակիր Սահակյանը:

Վերջում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից օրհնության խոսք ասաց Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը: «Դու°ք, սիրելի ուսանողներ, Հայ Եկեղեցու զինվորներն եք, եւ այս զինվորագրությունը շատ ավելի մեծ պատիվ է բերում մարդուն, քան որեւէ այլ զինվորագրություն: Այսօր հրճվանքով եմ նայում ձեզ, հրճվանքից ավելի նաեւ հույսով եմ նայում ձեզ: Ստեղծեցեք ձեզ համար արժեքներ այնպես, ինչպես Քրիստոս է պատվիրում, արժեքներ, որոնք մնայուն են ձեր անձի համար, մեր Եկեղեցու եւ մեր ժողովրդի համար: Ձեր կյանքի հաջողությունը, ձեր կյանքի երջանկությունը տեսեք մեր Եկեղեցու առաջադիմության մեջ. նրանով ապրեք, նրանով հուզվեք եւ նրանով երջանկացեք: Թող Տերը օրհնի ձեզ, որպեսզի այս հարկից ներս պատրաստվեն զինվորներ այնպես, ինչպես կուզեին Ս. Գրիգոր Լուսավորիչը, Ս. Ղեւոնդ Երեցը, Խրիմյան Հայրիկ հայրապետը...», - նշեց Սրբազան Հայրը:

Այս տարի Գեւորգյան հոգեւոր ճեմարան է ընդունվել 14 սան: Ուսանողության ընդհանուր թիվը կազմում է 128 հոգի: Ճեմարանում դասավանդում եմ 22 եկեղեցական եւ 28 աշխարհական դասախոսներ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի 2010-2011թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբեր 12-ին, Սեւանի դպրեվանքում: Այս տարի Վազգենյան հոգեւոր դպրանոցի ուսանողության շարքերը համալրել են 28 երիտասարդներ: Ուսանողության ընդհանուր թիվը կազմում է 66 հոգի: