Կատարվեց <<Գարեգին Ա>> հոգևոր-կրթական կենտրոնի հիմնարկեքը

Կատարվեց <<Գարեգին Ա>> հոգևոր-կրթական կենտրոնի հիմնարկեքը 06.11.2011
Կատարվեց <<Գարեգին Ա>> հոգևոր-կրթական կենտրոնի հիմնարկեքը

Նոյեմբերի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ <<Գարեգին Ա>> հոգևոր-կրթական կենտրոնի հիմնարկեքը: Կենտրոնը կառուցվում է Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանների նվիրատվությամբ: Ճարտարապետն է Արտավազդ Նազարեթյանը:

 
Գոհաբանական աղոթքից ու կառուցվող շենքի հիմքերի օրհնությունից հետո ընթերցվեց այս առիթով կազմված հիշատակարանը, որում մասնավորաբար ասվում է. <<...Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակների` բարեպաշտ և ազգասեր Դիդիզյան ամոլի նվիրաբերությամբ կառուցվող այս կրթական կենտրոնը պիտի ծառայի եկեղեցականների և ուսուցիչների վերապատրաստության կարևոր առաքելությանը, աստվածաբանական, եկեղեցագիտական և հայագիտական խորհրդաժողովների անցկացմանը: ՙԳարեգին Ա՚ կրթական կենտրոնի գործունեությունը կարևոր ներդրում է լինելու նաև գիտության ասպարեզի զարգացման, նշանակալի նոր ձեռքբերումների  արձանագրման գործում:
...Թող Փրկիչ մեր Տերը միշտ շեն ու պայծառ պահի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, հանապազ օրհնի ազգիս բարերար զավակներին և նորանոր հաջողություններ շնորհի Դիդիզյան ընտանիքի եկեղեցանվեր ձեռնարկներին>>:


Այնուհետև Նորին Սրբության հրավերով բարերարներ Հայկ և Էլզա Դիդիզյանները հիշատակարանով պարկուճը զետեղեցին կառուցվող կենտրոնի հիմքում: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց եկեղեցանվեր Դիդիզյան ամուսիններին:
Արարողությանը մասնակցում էին Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 12-րդ տարեդարձի և ծննդյան 60-րդ տարեդարձի առիթով Մայր Աթոռ ժամանած Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի պատվիրակություններ` գլխավորությամբ թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի բարերարներ, Մայր Աթոռի միաբաններ և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ: