Կալկաթայում տարվա լավագույն երգչախումբ ճանաչվեց Հայոց Մարդասիրական ճեմարանի երգչախումբը
Դեկտեմբերի 16-ին, Կալկաթայի Ս. Մարիամ կաթոլիկ դպրոցում տեղի ունեցավ Ս. Ծննդյան տոնին նվիրված հոգեւոր երգերի մրցույթ քաղաքի շուրջ 10 քրիստոնեական դպրոցների երգչախմբերի միջեւ: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Հայոց Մարդասիրական ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ ճեմարանի երաժշտության ուսուցիչ Տիար Վաչագան Թադեւոսյանի:
Մրցույթ-հանդիսությունն սկսվեց միասնական «Տերունական աղոթքով», որից հետո Ս. Մարիամ կաթոլիկ դպրոցի հոգեւոր հովիվը բարի գալուստ մաղթեց ներկաներին` անդրադառնալով քրիստոնյաների համար այդքան կարեւոր Տիրոջ Ս. Ծննդյան խորհրդի նշանակությանը: Յուրաքանչյուր երգչախումբ անգլերեն լեզվով կատարեց օրվա խորհդին նվիրված երկուական երգ:
Արդյունքների ամփոփումից հետո տարվա լավագույն երգչախումբ ճանաչվեց Մարդասիրական ճեմարանինը` արժանանալով պատվավոր առաջին մրցանակին: