Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության համաժողով Հնդկաստանում

Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև  աստվածաբանական երկխոսության համաժողով Հնդկաստանում 30.01.2014
Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության համաժողով Հնդկաստանում

Հունվարի 28-ին Հնդկաստանի Կերալա քաղաքում իր աշխատանքն սկսեց Կաթոլիկ և Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև պաշտոնական աստվածաբանական երկխոսության միացյալ միջազգային համաժողովը: Համաժողովին Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում են Ամենայն Հայոց Կաթողիկոսությունից Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Մայր Աթոռի Հրատարակչական և Պաշտոնական մամուլի բաժինների տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից` Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալամեզյանը:
Հնգօրյա համաժողովի ընթացքում քննարկվելու են Վաղ Եկեղեցու պատարագների և ուխագնացությունների ավանդույթին վերաբերող թեմաներ: 
Հունվարի 28-ին համաժողովի մասնակիցներն առանձին հանդիպումով քննարկեցին ընդհանուր խնդիրներ, որի ժամանակ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Մայր Աթոռում կազմակերպվելիք միջոցառումերը, ինչպես նաև անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դերակատարությանը` որպես Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի համանախագահի: 
Պլենար նիստի ընթացքում, որը նախագահում էին Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը և Քրիստոնեության միասնության ջատագովման պապական խորհրդի նախագահ Կարդինալ Կուրդ Կոխը, Տ. Շահե վարդապետ Անանյանը ներկայացրեց «Երուսաղեմը պատարագի և ուխտագնացության միջև. Հայկական ավանդության ուսումնասիրություն» աշխատանքը: 
Ապա Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն առանձնազրույց ունեցավ Կարդինալ Կուրդ Կոխի հետ:
Իսկ Հունվարի 29-ին մասնակիցներին պաշտոնական ընթրիքի ընդունեց Հնդիկ Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու պատրիարք Մար Թոմա Պաոլոս Բ-ն:
Այս օրերին ժողովականները նաև ներկա կգտնվեն Հնդիկ Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու ճեմարանի 200-ամյակին: