Կազակական շարժման բարձրագույն սպայական կազմի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հոկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Կազակական շարժման բարձրագույն սպայական կազմը` գլխավորությամբ ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ, ՌԴ Մեծ Կազակական եղբայրության ատաման Վալերի Նիկիտինի եւ Բելառուսի գլխավոր ատամանի տեղակալ Վլադիմիր Սաֆոնովի: Սպայական կազմին ուղեկցում էր միջազգային հայ-կազակական շարժման հիմնադիր գեներալ-լեյտենանտ Կարապետ Զադոյանը: Հյուրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Սրբազան Հայրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ողջունեց կազակների այցը Հայաստան, որ տեղի է ունենում հայ-կազակական միության ստեղծման 10-ամյակի առիթով:
Իր հերթին, Հայ-կազակական միության հիմնադիրը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Իր խոսքում նա մեծապես կարեւորեց բանակում հոգեւորականների դերը` ցանկություն հայտնելով նաեւ, որ հայ հոգեւորականներն իրենց հոգեւոր սպասավորությունը բերեն հայ կազակների ծառայության մեջ:
Հանդիպման ավարտին ատաման Վալերի Նիկիտինը Հովակիմ Սրբազանին փոխանցեց ՌԴ Մեծ Կազակական եղբայրության կողմից Վեհափառ Հայրապետին շնորհված Ատաման Պլատովի բարձրագույն շքանշանը:
Հանդիպումից հետո հյուրերն այցելեցին Մայր Աթոռի թանգարան: