Ծիսական Հանձնախմբի Ժողով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ եւ բարձր տնօրինությամբ ստեղծված ծիսական հանձնախումբը` կազմված Ամենայն Հայոց Կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչներից, օգոստոսի 16-17-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարեց իր անդրանիկ ժողովը:
Հայ Եկեղեցու ծիսական հանձնախմբի աշխատանքներն ուղղված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության առավել ամրապնդմանն ու արդյունավետ իրագործմանը, ծիսրարողական կյանքի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը եւ ծիսական բարեկարգությանը:
Ծիսական հարցերի հանձնախմբի անդամներն են`
Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը (համտենապետ).
Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (համտենապետ).
Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը.
Տ. Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը.
Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը.
Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը.
Տ. Գրիգոր ծայրագույն վարդապետ Չիֆթճյանը.
Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը:
Հանձնախումբը քննարկեց Մկրտության եւ Դրոշմի արարողության միօրինակ տեքստի պատրաստության, խորհրդի հետ առնչված կանոնական-բարեպաշտական ավանդույթների կանոնակարգման հետ կապված հարցեր: Որոշվեց հետագա աշխատանքների համար որպես հիմք ընդունել Մկրտության եւ Դրոշմի արարողությունների վաղագույն բնագրերը, ինչպես նաեւ ներկայիս գործածության մեջ գտնվող տեքստերը:
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԻՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ