Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը:
Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առավոտյան կատարվեց հանդիսավոր ժամերգություն, հավարտ որի Մայր Տաճարի առջեւ, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց անդաստանի արարողություն, ապա օրհնվեցին ուռենու ճյուղեր եւ բաժանվեցին ներկա ժողովրդին:
Հավարտ արարողության Վեհափառ Հայրապետը կատարեց մանուկների օրհնության հատուկ կարգ, որին մասնակցեցին Հայորդյաց տների սաները եւ Հայրենիքի տարբեր կողմերից Մայր Աթոռ ժամանած բազում մանուկներ:
Ապա Մայր Տաճարում տոնի առիթով մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Գերաշնորհ Սրբազանը իր քարոզում անդրադարձավ Ծաղկազարդի տոնի խորհրդին եւ կոչ արեց հավատացյալներին` ունենալ այն նույն անմիջական ու ջինջ հավատքը, որ ցուցաբերեցին մանուկները Երուսաղեմ Քրիստոսի հաղթական մուտքի ժամանակ, ովքեր Տեր Հիսուսի մեջ անմիջապես տեսան Փրկչին ու փառաբանեցին Քրիստոսին:
Հավարտ Սբ. Պատարագի Նորին Սրբությունը վերստին կատարեց մանուկների օրհնության կարգ, որից հետո շնորհավորեց եւ իր օրհնությունը բաշխեց փոքրիկներին: Այս առիթով մանուկներին հանձնվեցին նվերներներ եւ մանկական հոգեւոր գրականություն:
Այնուհետեւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջեւ բազմաթիվ մանուկներ մասնակցեցին կավճանկարի ավանդական դարձած մրցույթին, իսկ օրվա ընթացքին Մայր Աթոռի այցելուներն առիթ ունեցան ունկնդրելու ազգային մեղեդիներ` Մալացիայի Հայորդյաց տան փողային նվագախմբի կատարմամբ: