Խունկ եւ աստվածային բյուր օրհնություն մեր անմեղ զոհերի հոգիներին
Ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակության օրը, Մոսկվայի նորակառույց եկեղեցական համալիրում հավաքվել էին հազարավոր հայեր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու բյուր նահատակների խնկելի հիշատակին և աղոթք վեր առաքելու նրանց հոգիների հանգստության համար: Եկեղեցու բակում տեղադրված պատմական խաչքարի մոտ ծաղկեպսակներ զետեղելուց հետո, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ և հոգեւոր դասի մասնակցությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն, որի ավարտին սրբազան հայրն անդրադարձավ օրվա խորհրդին.«Այո’, զրկվեցինք մեր պատմական հայրենիքից, քանդեցին ու այրեցին մեր տաճարները, սրբագիր մատյանները, Տեր Զորը դարձավ հայության անթաղ գերեզման, որտեղ գլխատվեցին մեր մայրերն ու քույրերը, սակայն այսօր ոգեկոչելով մեր նախնիների լույս հիշատակը` մենք շարունակում ենք ապրել, քանզի երբեք չենք երկմտել, որ Խաչյալի նկատմամբ հավատարմությունը հարությունն է: Հավատքով ապրած կյանքն է, որ արհամարհում է մահը: Թուրք մարդասպանին չհաջողվեց խաչել մեր ազգին, տեսնել նրան մահի ճիրաններում բնաջնջված: Եվ այսօրվա մեր լուսե կյանքով բարձրաձայնում ենք` «Ու՛ր է մահ, հաղթությունը քո»:Սրբազան հայրը նաև ընդգծեց, որ պատմության ընթացքին հաճախ է հայ ժողովուրդը մահվան դեմ հանդիման գնացել, սակայն աշխարհի վրա չկա ուրիշ մեկ այլ ժողովուրդ, որ այդքան ամուր փարված լինի մահահաղթ խաչին:«Այսօր վերածնված է մեր ժողովուրդը` շնորհիվ մեր անդավաճան ու անսասան հավատքի, և մենք իրավունք չունենք այլևս սխալվելու: Ժամանակն է, որ գործենք միաբանված` որպես մեկ բռունցք, մեկ հոգի, մեկ կամք` պահանջելով ոճրագործ Թուրքիայից և գերտերություններից արդարության ճանաչում ու հաստատում: Մխիթարական է մեզ համար, որ այսօր շատ պետություններ, կրոնական կազմակերպություններ դատապարտել են ու ճանաչել դարի ոճրագործությունը` իբրև մարդկության դեմ գործված ամենամեծ չարիք:Մեր գնահատանքն ենք բերում հայոց վիշտը կիսող բոլոր պետություններին, որոնք արդարության հաստատման ջատագովներ են, որոնց ուղղամիտ պահվածքը ներշնչում է լավատեսություն, որ հեռու չէ այն ժամանակը, երբ աշխարհն ի վերջո կհրաժարվի Աստծո արարչագործության դեմ զենք գործածելուց, և կդադարեցվեն մահ ու սարսափ սփռող գործողությունները: Չէ՞ որ մարդկության ապագան երաշխավորված է ոչ թե տարածքների շրջափակումներով, թշնամություն, ատելություն սերմանելով, այլև բարիդրացիական, համերաշխ ու խաղաղարար հարաբերություններ ստեղծելով »,-ասաց սրբազան հայրը և կոչ արեց ներկաներին անաղարտ պահել հայի ինքնությունն ու նկարագիրը, աջակցել ու լծվել հայրենիքի շենացմանն ու զորացմանը, պահել մաքուր, անբասիր հոգեւոր և ազգային արժեքներն ու սրբությունները` հանուն հայ ժողովրդի լուսավոր ապագայի: «Այս մտորումներով թող Աստված ունկնդիր լինի մեր անմեղ նահատակների հոգիների հանգստության հայցով երկինք բարձրացող մեր աղոթքներին` ի սեր խաղաղության, արդարության և ստեղծագործ լուսավոր կյանքի»,-իր խոսքի ավարտին ասաց սրբազան հայրը: Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, մի շարք քաղաքական, հասարակական, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եկեղեցու բարերարներ, «Հայորդյաց տան» ուսուցիչներ, սաներ, «ՆՈՒՌ» եկեղեցասեր երիտասարդաց միության անդամներ և այլն: