Խորհրդակցություն Ժնևում Սիրիայի խնդիրների վերաբերյալ
Սեպտեմբերի 18-19-ը Ժնևի Բոսեի էկումենիկ դպրոցում տեղի ունեցավ խորհրդակցություն Սիրիայի խնդիրների վերաբերյալ` կազմակերպված Եկեղեցիների Համաշխարահային Խորհրդի կողմից, որին իրենց մասնակցությունը բերեցին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Սիրիայի և Իրաքի ներկայացուցիչները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ խորհրդակցությանը մասնակցեցին ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:
Խորհրդակցության արդյունքում ժողովականներն արձանագրեցին, որ Սիրիայի ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով և հարկ է, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն ստանձնի բռնությունների կասեցման համար` ձեռնարկելով խաղաղության հաստատմանն ուղղված միջոցներ:
Հանդիպման ժամանակ նաև կոչ արվեց Եկեղեցիների առաջնորդներին` միջնորդել պետությունների ղեկավարներին` ջանքեր գործադրելու Սիրիայում խաղաղության վերահաստատման համար: