Խաչվերացի տոն
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոների մեջ ամենակարեւորն է, որովհետեւ նվիրված է գերությունից խաչի վերադարձի, նրա բարձրացման եւ փառաբանության պատմական հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 11-17 ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը (այս տարի` սեպտեմբերի 14-ին), իսկ տոնի հաջորդ օրը մեռելոց է:
610թ. պարսից Խոսրով արքան մեծաքանակ զորքով հարձակվում է Բյուզանդական կայսրության վրա: Սկզբնական հաջողություներից ոգեւորված` պարսկական զորքերը 614թ. մտնում են Երուսաղեմ: Շատեր սրի են քաշվում կամ էլ գերեվարվում: Վերջինների մեջ էր նաեւ Երուսաղեմի Զաքարիա հայրապետը: Բայց պարսիկներն այսքանով չեն բավարարվում. մտնում են Ս. Հարության տաճար եւ գերի վերցնում այնտեղ պահվող Աստվածընկալ Ս. Խաչը, որը Դ դարի սկզբին Կոստանդիանոս կայսեր մոր Հեղինեի ձեռքով գտնվել եւ պաշտամունքի առարկա էր դարձել բոլոր քրիստոնյաների համար:
628թ. բյուզանդական զորքերը Հերակլ կայսեր գլխավուրությամբ խաչափայտը վերադարձնելու համար մարտի են դուրս գալիս պարսիկների դեմ: Վերջիններիս օժանդակում էր նաեւ հայկական զորախումբը Մժեժ Գնունու գլխավորությամբ: Տիրոջ օգնոթյամբ բյուզանդացիները հաղթանակ են տանում:
Ս. Խաչը հանդիսավոր թափորով տեղափոխվում է հայոց Կարին քաղաքը: Իսկ Կարինից այն տեղափոխում են Կ. Պոլիս, ապա` Երուսաղեմ: Գերեդարձի ճանապարհին Տիրոջ խաչափայտը բարձրացվում էր եւ ցնծության առիթ լինում ժողովրդի համար: