Խաչվերացի տոնը Վարշավայում
Սեպտեմբերի 12-ին` կիրակի օրը, Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Քրիստոսի Սուրբ Խաչի կամ Խաչվերացի տոնը:
Երկար տարիների դադարից հետո Վարշավայի հայությունը հնարավորություն ունեցավ մասնակից լինելու տոնի առթիվ մատուցվող Սուրբ Պատարագին:
Նախկինում եկեղեցական որեւէ տոնի առթիվ Լեհաստան էին այցելում եւ Սուրբ Պատարագ մատուցում Հայ Առաքելական եկեղեցու հովիվներ հարեւան երկրներից, մասնավորապես Ուկրաինայի Լվով քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվը: Սակայն այս անգամ անհրաժեշտություն չեղավ հրավիրյալ քահանայի: Պատճառն այն էր, որ 2010/2011 թվ. ուսումնական տարվա շրջանակներում Վարշավայի համալսարանի Արեւելյան Եվրոպայի ինստիտուտի Երիտասարդ գիտնականների համար նախատեսված մեկամյա ծրագրին մասնակցելու հնարավորություն է ստացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հոգեշնորհ Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանը, որը եւ մատուցեց տոնական Սուրբ Պատարագը: Տեղի հայ ուսանողներից կազմվեց մի խումբ, որը Հայր Տաճատի կազմակերպչական ջիղի եւ անսահման համբերության շնորհիվ սերտեց Պատարագի երգեցողությունը: Որպես բուրվառակիր Պատարագին իր մասնակցությունը բերեց վերոհիշյալ ուսումնական ծրագրով Վարշավայում գտնվող Հովհաննես Գեւորգյանը: Դպրաց դասին երաժշտական կարողություններով եւ հոժարակամ պատրաստակամությամբ իրենց ներդնումն ունեցան Արմինե Դավթյանը, Նախշուն Պողոսյանն ու Փիրուզա Մնացականյանը:
Պատարագը տեղի ունեցավ Վարշավայի Ս. Վասիլյանի եկեղեցում` Միոդովա 16 հասցեում: Հենց սկզբից եկեղեցին լի էր ինչպես Հայ Առաքելական, այնպես էլ հայ կաթոլիկ եկեղեցու հավատացյալներով: Պատարագի վերջում Հայր Սուրբը, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու ավանդության, կատարեց Խաչվերացի թափորի արարողություն, որի ընթացքում օրհնված ռեհանը բաժանվեց հավատացյալ ժողովրդին:
Պատարագի ավարտից հետո տեղի ունեցավ հանդիպում Հայր Սուրբի հետ: Բարձրացվեցին տեղի հայ երիտասարդությանը հուզող բազմաբնույթ հարցեր: