Խաչվերացի տոնը Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում
Սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմում նշվեց հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացի տոնը, որը խորհրդանշում է գերությունից Խաչի վերադարձն ու փառաբանությունը: Տոնը Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում սկսվեց կիրակնօրյա Սուրբ Պատարագով:
Հավարտ Պատարագի հինավուրց եկեղեցու բակում կայացավ գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Խաչվերացի տոնին եւ Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ Եկեղեցու վերականգնման, ամրացման եւ մասնակի վերակառուցման աշխատանքների մեկնարկին: Սուրբ Գեւորգ եկեղեցին կառուցվել է 1251 թվականին, Նարիղալա բերդի ստորոտում` 631 թվականին կառուցված առաջին հայկական տաճարի տեղում: Այն իր գոյության ընթացքում դիմակայել է բազում ներխուժումների եւ ավերածությունների, սակայն կանգուն է մնացել` շարունակելով լինել հայ հավատացյալ ժողովրդի Աստծո տունը: Հայ տաղանդավոր նկարիչներ Նաղաշ Հովնաթանյանի եւ Գեւորգ Բաշինջաղյանի գեղանկարչության նմուշներով զարդանախշված Սուրբ Գեւորգ տաճարը վերջին անգամ վերանորոգվել է 1924 թվականին:
Սակայն ժամանակը եւ ստորգետնյա ջրերը հրատապ են դարձրել այս հինավուրց տաճարի վերականգնման հարցը: Վիրահայոց Թեմի պատվերով երկու տարի առաջ մշակված վերականգնողական աշխատանքների նախագծի իրականացմանը ձեռնամուխ եղավ «Սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցման հիմնադրամը»: Եվ այսօր եկեղեցին ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը` տրվելով վերականգնման աշխատանքներին:
Տոնական միջոցառմանը վիրահայությանն ուղղված իր խոսքում, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, շնորհավորելով Խաչվերացի տոնի առիթով, նաեւ խոսք ասաց Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման, ամրացման եւ մասնակի վերակառուցման աշխատանքները սկսվելու կապակցությամբ: Նա հույս հայտնեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ. կաթողիկոսի օրհնությունը ստացած եւ Վրաստանի իշխանությունների աջակցությանն արժանացած նախագծի իրականացումից, վերականգնողական եւ ամրացման աշխատանքներից հետո Սուրբ Գեւորգ տաճարը վերստին կներկայանա նորոգված, ամրացված ու գեղեցկացած տեսքով, վերականգնված որմնանկարչությամբ եւ պղնձե թիթեղապատ գմբեթով, որպես վիրահայոց Թեմի պատմական առաջնորդանիստ եկեղեցի:
Հանդիսությանը ներկա բանախոսները՝ բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում Հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Միասնական Ազգային շարժումից մայրաքաղաքի Կրծանիսի շրջանի մեծամասնական պատգամավորության թեկնածու Դավիթ Սաղվարելիձեն, շնորհավորելով ներկաներին տոնի եւ վերանորոգման մեկնարկի կապակցությամբ, կարեւորեցին բազմազգ եւ բազմադավան Թբիլիսիի «Մեյդան» հրապարակում Սուրբ Գևորգ եկեղեցու դերը եւ նշանակությունը, ընդգծելով, որ այս եկեղեցու բակում ամփոփված են ազգի լավագույն զավակների աճյունները:
Այնուհետեւ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երգի եւ պարային համույթների եւ անհատ կատարողների ուժերով (համակարգող Լեւոն Չիդիլյան, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզով) տրվեց ճոխ համերգ: Վերջում օրհնվեց ավանդական մատաղը եւ բաժանվեց ժողովրդին: