Խաղաղ հանրահավաք Վրաստանի խորհրդարանի առջեւ

Խաղաղ հանրահավաք Վրաստանի խորհրդարանի առջեւ 25.04.2012
Խաղաղ հանրահավաք Վրաստանի խորհրդարանի առջեւ

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, ապրիլի  23-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայերի ազգային կոնգրես» եւ «Թբիլիսյան հայերի ասամբլեա» կազմակերպությունների նախաձեռնությամբ եւ աջակցությամբ խաղաղ հանրահավաք անցկացվեց Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ:

«Ոչ՝ ցեղասպանությանը» և «Հայոց Մեծ Եղեռն՝ 97» ցուցապաստառներով հանրահավաքի մասնակիցները Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պողոտայի վրա գտնվող խորհրդարանի կենտրոնական մուտքի հրապարակում կազմակերպեցին ֆլեշմոբ` մոմերով կազմած խաչի և ավանդական պարի լուռ կատարմամբ:

Այնուհետեւ հանրահավաքի մասնակիցները Վրաստանի խորհրդարանին հանձնեցին անուն առ անուն բոլոր պատգամավորներին ուղղված Հայոց Մեծ Եղեռնը ճանաչելու Վրաստանի հայության դիմումը` պահանջելով ընդունել և դատապարտել Հայոց ցեղասպանություն իրողությունը:

 

 

«Հիշատակի երեկո»

թատերականացված ներկայացում Մեծ Եղեռնի հիշատակին

 

Ապրիլի 23-ի հերթական միջոցառումը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի և Վրաստանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի «Հիշատակի երեկո» ներկայացումն էր, որը կայացավ Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում:

Միջոցառմանը ներկա էին գտնվում Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգեւոր դասի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Թբիլիսիի հայկական թատրոնի ստեղծագործական խմբի կողմից ներկայացված գրական կոմպոզիցիան հիմնված էր հայ ժողովրդի պատմության արյունոտ էջերի ոգեկոչման և համայն հայության արդարատենչ հաղթանակի դրվագների վրա:

 

 

Ջահերով երթ դեպի Թուրքիայի դեսպանություն

 

Նույն օրը երեկոյան Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ «Վրաստանի հայ համայնք» ոչկառավարական  կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված ջահերով երթը: Հրավառվող ջահերով և ցուցապաստառներով հայ համայնքի երիտասարդները Թբիլիսիի Հաղթանակի զբոսայգուց շարժվեցին դեպի Թուրքիայի դեսպանություն:

Դեսպանության առջև հավաքված երիտասարդությունը արդարության վերականգնման պահանջատիրական կոչեր ուղղեց թուրքական իշխանություններին: Երթի մասնակիցները կոչ արեցին Թուրքիային՝ սեփական պատմությունից հրաժարվելու և իրականացված ոճրագործությունները ժխտելու փոխարեն, խոստովանել հանցանքն ու խոնարհվել մեկ ու կես միլիոն անմեղ զոհված հայերի հիշատակի առջեւ և ճանաչել Մեծ եղեռնը:

Թբիլիսիում շարունակվում են Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: