Խաղաղության եւ սիրո կանթեղ հանձնվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Ապրիլի 29-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սպիտակ Աղավնի» միջազգային հիմնադրամի հիմնադիր Ջանի Ռիջեւիթսին: Նորին Սրբությանը հանձնվեց խաղաղության եւ սիրո վառվող կանթեղը` խաղաղության ջատագովման մեջ իր մեծ ավանդի եւ վաստակի համար:
Շնորհակալություն հայտնելով պարգեւի համար` Նորին Սրբությունը նշեց, որ խաղաղության կանթեղի լույսը պետք է ճառագի յուրաքանչյուր մարդու կյանքում, որպեսզի ամեն մարդ ապրի եւ առաջնորդվի Աստծո պատվիրաններով եւ պատգամներով, որպեսզի մարդկությունն ապրի համերաշխության եւ խաղաղության մեջ:
«Մեր ժողովուրդը գիտի բարձրորեն գնահատել խաղաղությունը որպես հիմնարար արժեք»,-նշեց Հայոց Հայրապետը` ավելացնելով, որ այս լապտերը գալիս է վառվելու Հայաստան երկրում` զորացնելու մեր ժողովրդի հոգուց ճառագող խաղաղության եւ սիրո ջահը:
Այնուհետեւ «Սպիտակ Աղավնի» միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: