Լեհաստանի արտաքին գործերի նախարարի այցը Սուրբ Էջմիածին
Փետրվարի 27-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի արտաքին գործերի նախարար տիկին Աննա Ֆոտիգան ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանի եւ երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ այցելեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, ուր հանդիպում ունեցավ Մայր Աթոռի Դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ:
Գերաշնորհ Սրբազան Հայրը տիկ. Ֆոտիգային փոխանցեց Հովվապետական այցով Հնդկաստանում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները: Արշակ Սրբազանը մասնավորաբար նաեւ գոհունակություն հայտնեց Լեհաստանում հայ համայնքի հանդեպ մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Հանդիպման ընթացքում խոսվեց երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների, ինչպես նաեւ երկրների միջեւ զարգացող գործակցության մասին: Մասնավոր անդրադարձ կատարվեց երկու երկրների կրոնական իրավիճակին եւ Հայաստանյայց Առաքելական ու Հռոմեակաթոլիկ Եկեղեցիների կարեւոր դերակատարությանը հայ եւ լեհ ժողովուրդների կյանքում: