Լավագույն ուսուցիչ՚ մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Լավագույն ուսուցիչ՚  մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 09.11.2011
Լավագույն ուսուցիչ՚ մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Նոյեմբերի 9-ին, Էջմիածնի ՙՀրաչ և Սյուզան Թուֆայան՚ Հայորդյաց տան հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ և մասնակցությամբ ՀՀ Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի, տեղի ունեցավ Մայր Աթոռի հովանու ներքո անցկացվող ՙԼավագույն ուսուցիչ՚ ամենամյա հանրապետական մրցույթի 2011 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:
ՙԼավագույն ուսուցիչ՚ ամենամյա մրցույթը Ամենայն Հայոց  Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվում է 2004 թվականից սկսյալ` նպատակ ունենալով բացահայտել, խրախուսել և գնահատել մասնագիտական խորը գիտելիքներով, ստեղծագործական և դասավանդման հմուտ կարողություններով օժտված ուսուցիչներին: ՙԼավագույն ուսուցիչ՚ մրցույթը կազմակերպվում է հովանավորությամբ Մայր Աթոռի բարերարներ, ամերիկաբնակ քույրեր Սիլվա և Իրմա Տեր-Ստեփանյանների:


Մրցույթն անցկացվում է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում` մարզային և հանրապետական փուլերով, որի արդյունքներն ամփոփվում են հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում: Մրցույթին մասնակցում են ՙՀայոց Եկեղեցու պատմություն՚, ՙՀայոց պատմություն՚, ՙՀայոց լեզու և գրականություն՚ ՙԲնագիտություն՚ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաև տարրական դպրոցների դասվարներ:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչներ, Կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ, ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից:
Հանդիսությունն սկսվեց Տերունական աղոթքով, որին հաջորդեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի ողջույնի խոսքը: Հայր սուրբը, բարի գալուստ մաղթելով կրթության մշակներին, անդրադարձավ ուսուցչի վեհ կերպարին ու առաքելությանը հայոց ազգային դպրոցի կյանքում: 
Ապա ներկաները դիտեցին ՙՇողակաթ՚ հեռուստաընկերության պատրաստած տեսաֆիլմը ՙԼավագույն ուսուցիչ՚ մրցանակաբաշխության և Մայր Աթոռի ու նախարարության միջև ձևավորված սերտ համագործակցության մասին, որից հետո մրցույթի մասին տեղեկություններ փոխանցեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:


Անուհետև ուսուցիչներին իր շնորհավորանքի խոսքն ուղղեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով նաև Հայ Եկեղեցու ազգախնամ առաքելությանը և նախարարության ու Քրիստոնեական դաստիրարակության կենտրոնի միջև ծավալված համագործակցությանը: ՙՀայ ինքնության մեջ այնքան շաղախված է քրիստոնեական բարոյագիտությունը, մեր Եկեղեցին իր հերթին այնքան է շաղախված ազգային նկարագրով և առանձնահատկություններով, որ զատել հային քրիստոնյա հայից, զատել աշխարհիկ կամ հավատացյալ հային շատ դժվար է, որովհետև արմատների միահյուսվածությունն այսօր մեզ թույլ է տալիս իրականում առանց վախենալու և տրտնջալու հնարավոր քննադատությունների և այլակարծության առջև հերթական անգամ փաստելª Եկեղեցին ունի բացառիկ առաքելություն մեր կյանքում, Եկեղեցին ունի բացառիկ առաքելություն հոգևոր-մշակութային արժեքների պահպանման հարցում, Եկեղեցին ունի բացառիկ առաքելություն հայի կերպարը, արժեհամակարգը փայփայելու հարցում նաև հետագայում: Սա է մեզ տալիս վստահություն, սա է մեզ տալիս իրավական և բարոյական հիմքª հերթական անգամ հյուրընկալվելու Մայր Աթոռում և հերթական անգամ փաստելու, որ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կրթության և գիտության նախարարության կարևորագույն գործընկերներից մեկն է ապագա  հայի կերտման ու դաստիարակման գործում՚, - իր խոսքում նշեց կրթության և գիտության նախարարը` շնորհավորելով նաև Նորին Սրբությանը գահակալության 12-րդ տարեդարձի և ծննդյան 60-ամյակի առիթով:
Մրցանակաբաշխության առիթով իր ջերմ զգացողություններն արտահայտեց ՙԼավագույն ուսուցիչ՚ մրցույթի հովանավոր Սիլվա Տեր-Ստեփանյանը` հաջողություններ մաղթելով հայ ուսուցչին հայապահպան իր կարևոր առաքելության մեջ և վստահեցնելով, որ Մայր Աթոռի բարերարները պիտի շարունակեն ըստ ամենայնի զորավիգ լինել Վեհափառ Հայրապետին ազգանպաստ և եկեղեցաշեն բոլոր ձեռնարկների իրագործման համար:
Այնուհետև Նորին Սրբությունը և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մրցույթի հաղթողներին հանձնեցին մրցույթի մասնակցության վկայականներ, դրամական պարգևներ և հոգևոր գրականություն:
Առաջին մրցանակի արժանացան ՙՀայոց լեզվու և գրականություն՚ առարկայի ուսուցչուհի Էմմա Հովհաննիսյանը (Կոտայքի մարզի Զովունիի միջնակարգ դպրոց), ՙՖիզիկա՚ առարկայի ուսուցիչ Ռոբերտ Ավանեսյանը (Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 միջնակարգ դպրոց) և Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի դասվար Ռուզաննա Ասլանյանը: Երկրորդ մրցանակ ստացան 9, իսկ երրորդ մրցանակ` 15 ուսուցիչներ:
Հայոց ուսուցչի մեծարման գեղեցիկ այս արարողության ընթացքում հոգևոր երգերի կատարմամբ ելույթ ունեցավ միջազգային մրցույթների դափնեկիր ՙՍպեղանի՚ աղջիկների երգչախումբըª ղեկավարությամբ և խմբավարությամբ Սարինե Ավթանդիլյանի:
Հանդիսության ավարտին ամենքին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Նորին Սրբությունն արձանագրեց, որ ուսուցիչներ և հոգևորականներ տերունապատվեր նույն առաքելությունն են իրականացնում, ազգի արժանավոր զավակներ կրթում: ՙԳիտելիքից զատ ուսուցչի, ինչպես նաև եկեղեցականներիս, առաջին պարտականությունն է, որպեսզի մենք մեր զավակներին առաջորդենք դեպի Աստված: Այդ է նպատակը մեր առաքելության, այդ է նպատակը մեր կյանքի, լինելության: Լինել Աստծո հետ և ջանք գործադրել, որպեսզի մեր նմանին նույնպես ուղղորդենք, առաջնորդենք դեպի Աստված, որովհետև Աստծո հետ է ուրախությունը, երջանկությունը, Աստծո հետ է, որ կյանքը դառնում է բարի, գեղեցիկ և սիրով առլեցուն: Աստծո հետ մարդը վերագտնում է իր նմանությունը Աստծուն և ապրում է արարչագործական, ստեղծագործական կյանքով: Մենք բոլորս կրթում ենք երեխաներին, որպեսզի նրանք օժտված լինեն գիտելիքներով, իրենց հոգում կրեն սերն առ հայրենին, սերն առ մեր ազգային արժեքները, մեր լեզուն ու մշակույթը և սերն առ Աստված: Իսկ առ Աստված սերը, մենք բոլորս գիտենք, որ սկսվում է մեր նմանին սիրելուց, Աստծո արարչագործությունը սիրելուց՚, - նշեց Վեհափառ Հայրապետը` մաղթելով, որ ուսուցիչների ջանքերը կատարյալ արդյունավորում ունենան, և դաստիարակվեն ազգի այնպիսի զավակներ, որոնց կյանքը և ընթացքը աստվածահաճո լինի, մեր ժողովրդին բարօրություն, մեր  երկրին առաջընթաց ու զորություն ապահովեն:
Այս առիթով Նորին Սրբությունը գնահատանքի իր խոսքը հայտնեց Կրթության և գիտության նախարարությանը` ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի, և մրցույթի բոլոր կազմակերպիչներին: Նորին Սրբությունը իր օրհնությունը բերեց նաև բարերարներին, ովքեր, գնահատելով մանկավարժի գործը, հանձնառությամբ և սիրով ցանկանում են մասնակցություն բերել ավանդական դարձած այս միջոցառման իրականացմանը: Ամենայն Հայոց Հայրապետը, վերստին շնորհավորելով մանկավարժներին, մաղթեց, որ այս մրցույթը նոր ոգևորություն և եռանդ պարգևի յուրաքանչյուրին` առավել նվիրումով ու սիրով իր ծառայությունը բերելու երեխաների կրթության-դաստիարակության գործին, մեր Հայրենիքի շենացմանը: