Ի Տեր հանգչեց Տ. Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանը
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ մայիս 11-ի առավոտյան, կյանքի 80-րդ տարում, Բուլղարիո Սոֆիա քաղաքում առաջնորդական իր առաքելության ընթացքին վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ եւ բազմավաստակ սպասավոր Ռումինիայի եւ Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգեւոր խորհուրդն ու Հայ Եկեղեցու ողջ հոգեւորականաց դասն աղոթարար սրտով սգում են հոգելույս Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի մահը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Տ. ՏԻՐԱՅՐ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻԿՅԱՆ
(ավազանի անունը` Տիգրան)
Ռումինիայի եւ Բուլղարիայի թեմերի առաջնորդ
Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանը ծնվել է 1930 թ-ի մայիսի 24-ին, Բեյրութում: Նախնական կրթությունը ստացել է տեղի ազգային Սահակյան եւ Աբգարյան վարժարաններում:
1944-47 թթ. ուսանել է Երուսաղեմի Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում:
1947 թ. ծնողների հետ Հայաստան ներգաղթելով` ընդունվել է Երեւանի օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժինը, ապա, ինստիտուտը թողնելով, ընդունվել է Ս. Էջմիածնի Հոգեւոր Ճեմարան:
1951 թ. նոյեմբերի 1-ին ձեռնադրվել է սարկավագ:
1952 թ. ավարտելով Հոգեւոր Ճեմարանը` նշանակվել է Հոգեւոր Ճեմարանի քարտուղար:
1955 թ. ապրիլին, Ծաղկազարդի օրը, Ս. Հռիփսիմե վանքում ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Սահակ եպիսկոպոս Տեր-Հովհաննիսյանի` վերակոչվելով Տիրայր աբեղա: Նույն թվականին նշանակվել է Բաքվի (Ադրբեջան) հայոց հոգեւոր հովիվ եւ Թեմական խորհուրդի անդամ-քարտուղար:
1956 թ. հոկտեմբերին, «Խաղաղության գաղափարը հայ հին մատենագրության մեջ» թեմայով ավարտաճառը ներկայացնելուց հետո, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստացել է վարդապետական աստիճան:
1957 թ. նշանակվել է Ադրբեջանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ:
1958 - 1960 թթ. ընտրվել է Ադրբեջանի Հայոց թեմի Առաջնորդ:
1960 թ. ընտրվել է Ռումինիայի եւ Բուլղարիայի Հայոց թեմերի առաջնորդ, ուր պաշտոնավարում է առ այսօր:
1964 թ. հոկտեմբերին Ռումինիայի Հանրապետության կողմից պարգեւատրվել է «Աստղ», իսկ այնուհետեւ 7 այլ շքանշաններով: Բարձր պարգեւի է արժանացել նաեւ Խաղաղության Համաշխարհային խորհրդի կողմից:
1964 թ. նոյեմբերի 29-ին, ձեռամբ Վեհափառ Հայրապետի ձեռնադրվել է եպիսկոպոս:
1980 թ. ստացել է Արքության տիտղոս:
2000 թ. պաշտոնապես տոնվեց Ռումինիայի եւ Բուլղարիայի առաջնորդ Տիրայր Սրբազանի որպես առաջնորդ պաշտոնավարման 40-ամյակը, որի առիթով Ռումինիայի պետության կողմից նա պարգեւատրվեց բարձրագույն շքանշանով:
2004 թ. լրացավ Սրբազան հոր եպիսկոպոս ձեռնադրության 40-ամյակը: