Ի Տեր հանգչեց Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը

Ի Տեր հանգչեց Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը 27.06.2009

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հունիս 27-ի առավոտյան, «Նաիրի» բժշկական կենտրոնում կյանքի 72-րդ տարում վախճանվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ եւ բազմավաստակ սպասավոր Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը:

Սրբազան Հայրը սույն թվականի փետրվարի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական իր կացարանում իրեն ծանոթ անձնավորության կողմից կողոպուտի նպատակով ենթարկվել էր հարձակման, որի հետեւանքով ծանր վնասվածք էր ստացել եւ անգիտակից վիճակում փոխադրվել հիվանդանոց: Միջադեպից մինչ իր վախճանը Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանը եղել է Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում բժիշկների հոգատար խնամքի ներքո:

Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա հավատավոր զավակների համար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն Հոգեւոր Խորհուրդը եւ Հայ Եկեղեցու հոգեւորականաց դասը աղոթարար սրտով սգում են Սրբազան Հոր մահը:

Հանգուցյալ Սրբազանի աճյունը երկուշաբթի` հունիսի 29-ին, ժամը 17:00-ին կդրվի Ս. Գայանե վանքում վերջին հրաժեշտի համար, ժամը 19:00-ին կկատարվի հոգեհանգստյան արարողություն: Երեքշաբթի` հունիսի 30-ին, ժամը 11:00-ին Թեղենիքի իր իսկ կառուցած Սրբոց Նահատակաց եկեղեցում (Կոտայքի մարզ) կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում կկատարվի վերջին օծման եւ թաղման կարգը: Հավարտ Ս. Պատարագի` եկեղեցու բակում տեղի կունենա Սրբազանի հուղարկավորության արարողությունը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Կենսագրական

Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը (ավազանի անունը` Հակոբ) ծնվել է 1937թ. Կիլիկիայում` Գըրգխան ավանում, որտեղից 1939 թ. գաղթել է Բեյրութ: Սովորել է Բեյրութի Նուբարյան հայկական վարժարանում, Անթիլիասի դպրեվանքում, այնուհետեւ Բեյրութի կենտրոնական բարձրագույն վարժարանում:

1957 թ. ընտանիքով տեղափոխվել է Հայրենիք: Ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում:

1957թ. Ս. Ստեփանոս նախավկայի տոնին երանաշնորհ Տ. Հայկազուն արքեպս. Աբրահամյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ:

1960-1961թթ. ուսանել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Զագորսկի ակադեմիայում:

1961թ. Վազգեն Ա Հայրապետի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Ներսես:

1962թ. Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից ստացել է վարդապետական, ապա` 1965 թ. ծայրագույն վարդապետության աստիճան:

1963-1965թթ. ուսանել է Անգլիայի Յորքշեր նահանգի Հարության քոլեջի աստվածաբանական բաժնում, որի ընթացքում մասնակցել է Քեմբրիջի համալսարանի անգլիական գրականության եւ մշակույթի ամառային դասընթացներին:

1965-1969թթ. վարել է Ս. Էջմիածնի Հոգեւոր ճեմարանի տեսչի պաշտոն:

1969-1970թթ. ուսանել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Բոսսեի Էկումենիկ ինստիտուտում:

1969-72թթ. եղել է Շվեյցարիայի հայոց հոգեւոր հովիվ:

1973թ. ընտրվել է Անգլիայի թեմի առաջնորդ:

1974թ. ձեռամբ Վազգեն Ա Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս:

1982թ. Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի կողմից հրավիրվել է Մայր Աթոռ եւ նշանակվել Մայր Աթոռի դիվանապետ: Եղել է նաեւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ:

1983թ. ընտրվել է Եկեղեցիներ Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական Կոմիտեի անդամ:

1982-1995 հիմնել եւ ղեկավարել է Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը:

1986թ. ձեռամբ Վազգեն Ա Կաթողիկոսի ստացել է արքության պատիվ:

1991թ. ի վեր Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի Աստվածաշնչային Ընկերության Գործադիր Կոմիտեի անդամ է:

1993-2001թ. Ջինիշյան Հիշատակի բարեգործական հիմնադրամի Հիմնադիր մարմնի անդամ է եղել եւ ծառայել է որպես ատենապետ:

1999թ. ընտրվել է Ռուսաստանի Հումանիտար Ակադեմիայի իսկական անդամ:

1999թ. հուլիսի 4-ին ընտրվել է կաթողիկոսական տեղապահ եւ կազմակերպել է կաթողիկոսական ընտրությունները 1999 թ. հոկտեմբերի 27-ին:

2000-2003թթ. իր հոգեւոր գործունեության 40-ամյակի առիթով Կոտայքի շրջանի Թեղենիք գյուղում կառուցել է Սրբոց Նահատակաց եկեղեցի` իր ծնողների` Գրիգոր եւ Մաքրուհի Պոզապալյանների հիշատակին, որի առիթով Վեհափառ Հայրապետի կողմից պարգեւատրվել է Հայ Եկեղեցու բարձրագույն` Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշանով:

Ներսես Սրբազանը հրատարակել է 10 անուն բանաստեղծական եւ քարոզխոսական գրքեր: Դասախոսել է Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում:

2000-2006թթ. եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական մարմնի տնօրեն: