Ի Տեր հանգչեց Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանը

Ի Տեր հանգչեց Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանը 01.02.2011

Ցավով տեղեկացնում ենք, որ փետրվարի 1-ին կյանքի 91-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանը: Սրբազան Հայրը մեկ տարուց ի վեր անկողնային վիճակում էր բժիշկների հսկողության եւ Ս. Գայանե վանքի միանձնուհիների խնամքի ներքո:

Տ. Հուսիկ արք. Սանթուրյանը (ավազանի անունով` Ազատ) ծնվել է 1920թ. Սեբաստիա քաղաքում (Թուրքիա):

5 տարեկանից որբացել է եւ մինչեւ պատանեկության տարիները ապրել ու կրթվել է դանիուհի Մերի Յակոբսոնի «Թռչնոց բույն» որբանոցում (Ջիբեյլ, Լիբանան):

1935թ. ավարտել է Ջիբեյլի դանիական որբանոցի ուսումնական շրջանը եւ նույն թվականին տեղափոխվել Երուսաղեմի գերմանական որբանոցի արհեստա-ուսումնական կուրսը` ավարտելով այն 1938թ.:

1939-1945թթ. աշխատել է Երուսաղեմում որպես ուսուցիչ եւ գրասենյակային ծառայող:

1947թ. ներգաղթել է Հայաստան:

1953-1955թթ. ուսանել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգեւոր ճեմարանում:

1955թ. ձեռնադրվել է սարկավագ:

1956թ. փետրվարին ձեռնադրվել է կուսակրոն քահանա եւ նշանակվել Մայր Աթոռի եկեղեցական արվեստի թանգարանի վերակացու:

1959թ. ստացել է մասնավոր վարդապետության աստիճան:

1961թ. նշանակվել է Ադրբեջանի թեմի առաջնորդ:

1962թ. հոկտեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

1965թ. նշանակվել է Մայրավանքի փոխլուսարարապետ:

1972թ. ստանձնել է լուսարարապետի պաշտոնը, որ վարել է շուրջ 30 տարի:

Իր բազմամյա ծառայության համար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է Հայ Եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալի» պատվո շքանշանի:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ եկեղեցականաց դասը սգում են բազմավաստակ Սրբազան Հոր մահը:

Փետրվարի 2-ին, ժ. 1800-ին, Սբ. Գայանե վանքում կկատարվի եկեղեցու կարգ: Փետրվարի 3-ին, ժ. 1030-ին, հընթացս Սբ. Պատարագի կկատարվի հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը: Հուսիկ Սրբազանի մարմինը կամփոփվի միաբանական գերեզմանատանը:

Յիշատակ արդարոյն օրհնութեամբ եղիցի: