Ի Տեր հանգչեց Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը

Ի Տեր հանգչեց  Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը 07.03.2015
Ի Տեր հանգչեց Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը

     Խոր ցավով հայտնում ենք, որ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդարանից և Կիևի հայ համայնքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկացվել է, որ մարտի 7-ին Խարկով քաղաք (Ուկրաինա) կատարելիք այցի ընթացքում հյուրանոցում հանկարծամահ է եղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի երիցագույն միաբաններից, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը:
     Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հավատավոր զավակների համար:
     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես ցավում և սգում են բարեհիշատակ Գրիգորիս Սրբազանի վախճանը:
     Սրբազան Հոր հուղարկավորության հետ առնչված անհրաժեշտ տեղեկությունները կհաղորդվեն առաջիկային:
     Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

 

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

 

     Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը (ավազանի անունը՝ Գրիգոր) ծնվել 1946թ. Հայաստանում, Էջմիածին քաղաքում:
     1960թ. ընդունվել է Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան: 1965թ. արժանացել է սարկավագական ձեռնադրության:
    1966թ. ավարտել է ուսումը, 1966-1967թթ. շարունակել է ուսումը Զագորսկում` Մոսկվայի հոգեւոր ակադեմիայում:
     1967-1968 թթ. նշանակվել է Հայ Եկեղեցու պաշտոնական «Էջմիածին» ամսագրի խմբագրության քարտուղար:
     1969թ. սկզբում նշանակվել է ծառայության Օրջոնիկիձեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
     Նույն թվականի հոկտեմբերին ձեռնադրվել է աբեղա եւ նշանակվել Դոնի Ռոստով քաղաքի հայկական համայնքի հոգեւոր հովիվ:
     1971թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել է Ֆրանսիա` ուսումը շարունակելու Լիոնի Կաթոլիկ համալսարանում, միաժամանակ ծառայելով տեղի հայկական եկեղեցում:
     1973-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում` Ուկրաինայում:
     1975թ. ստացել է մասնավոր վարդապետության աստիճան:
     1975-1979թթ. աստվածաբանական ուսումը շարունակել է Փարիզի Կաթոլիկ համալսարանում՝ հովվական ծառայություն մատուցելով  Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում:
     1979-1980թթ. եղել է Էջմիածնի հոգեւոր ճեմարանի տեսուչ:
     1981 թ. նշանակվել է Բուենոս Այրեսի առաջնորդանիստ եկեղեցու հոգեւոր հովիվ, իսկ 1982 թ. ընտրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ:
     1983 թթ. Վազգեն Ա Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: 1990 թ. նշանակվել է Շիրակի թեմի առաջնորդ:
     1992 թ. Գյումրի քաղաքում հիմնադրել է Շիրակի հոգեւոր ընծայարանը:
     1992թ. ստացել է արքության պատիվ եւ Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ:
     1998-1999թթ. Գրիգորիս սրբազանը ժամանակավորապես կատարել էր Մոլդովայի Հայ Առաքելական Եկեղեցու գործունեության համակարգողի պարտականությունները:
     1999-2001 թթ. եղել է Հայ Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդական փոխանորդ:
     2001 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ: