Ի Տեր հանգչեց Տ. Գարեգին ավագ քահանա Հովսեփյանը
Ցավով տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 9-ին, Երեւանում, ուղեղի կաթվածից ի Տեր հանգչեց Իրաքի Հայոց թեմի սպասավոր Տ. Գարեգին ավագ քահանա Հովսեփյանը: Դեկտեմբերի 14-ին, ժ. 10.30-ին Սբ. Շողակաթ վանքում հընթացս Սբ. Պատարագի կկատարվեն հանգուցյալ Տեր Հոր վերջին օծման եւ հուղարկավորության արարողությունները: Հոգելույս Տեր Գարեգինի մարմինը կամփոփվի միաբանական գերեզմանատանը:
* * *
Տ. Գարեգին ավագ քահանա Հովսեփյանը (ավազանի անունով` Հովսեփ) ծնվել է 1928թ., Իրաքի հյուսիսային շրջանի քրդական Զախո սահմանամերձ գյուղաքաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա 1944թ. տեղափոխվել է Մուսուլ եւ կրթությունը շարունակել տեղի Ազգային վարժարանում` միաժամանակ ծառայելով Մուսուլի Սբ. Էջմիածին եկեղեցում: 1970թ. ընտանիքով տեղափոխվել է Բաղդադ, ուր 1970թ. սկսած սպասավորել է առաջնորդանիստ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: 1978թ. Տ. Պսակ արքեպիսկոպոս Թումանյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ: 1984թ., Երեւման Սբ. Խաչի տոնին, ձեռամբ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռնադրվել է քահանա: 1985թ. սպասավորել է Բասրայի Սբ. Աստվածածին եկեղեցում, իսկ 1986թ. սկսած մինչեւ իր վախճանը եղել է Մուսուլի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգեւոր հովիվը: Իր բազմամյա հովվության ընթացքում Արժանապատիվ Տեր Հայրը վայելել է ինչպես իր հոգեւոր հոտի եւ լծակից հոգեւոր եղբայրների սերն ու հարգանքը, այնպես էլ քույր եկեղեցիների հոգեւորականության համակրանքը: Նվիրյալ եւ վաստակաշատ ծառայության համար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Տ. Գարեգին ավագ քահանա Հովսեփյանին 2000թ. շնորհել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք, իսկ 2004թ.` ավագության պատիվ:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: