Իտալիո Հայոց Հոգեւոր Հովվություն

Սույն թվականի հունվարի 25–ին Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու կողմից կազմակերպվող արդեն ավանդույթ դարձած Քրիստոնյաների միության համար աղոթքի շաբաթվա փակման առթիվ Հռոմի Ս. Պողոս Մայր Տաճարում տեղի ունեցավ էկումենիկ հանդիսավոր արարողություն` Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետ Նորին Սրբություն Բենեդիկտոս XVI-ի հանդիսապետությամբ:

Արարողությանը, ի թիվս կաթոլիկ, ուղղափառ, արեւելյան ուղղափառ, անգլիկան եկեղեցիների բազմաթիվ հոգեւորականների ու աշխարհականների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում էր Իտալիո Հայոց Հոգեւոր Հովիվ Տ. Առեն վարդապետ Շահինյանը` ուղեկցությամբ Հռոմում ուսանող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Գեղարդ աբեղա Վահունու, Տ. Մուշեղ աբեղա Բաբայանի եւ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի: Հավարտ արարողության, Իտալիո Հայոց Հոգեւոր Հովիվ Տ. Առեն վարդապետ Շահինյանը Նորին Սրբություն Բենեդիկտոս XVI-ին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:

Նույն օրը էկումենիկ արարողություն տեղի ունեցավ նաեւ Միլանում, որտեղ Հայ Եկեղեցին ներկայացրեցին Միլանի հայ համայնքի ներկայացուցիչները, Սրբոց Քառասուն Մանկանց եկեղեցու «Նորահրաշ» երգչախումբն ու սարկավագաց դասը: Հընթացս արարողության ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին «Ակօս» շաբաթաթերթի եղերասպան խմբագիր Հրանդ Դինքի հիշատակին:

Հունվարի 26–ին Հռոմի քաղաքապետարանի առջեւ «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանդ Դինքի սպանությունը դատապարտող քայլերթ կատարվեց: Ներկա էին Իտալիո Հայոց Հոգեւոր Հովիվ Տ. Առեն վարդապետ Շահինյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիար Ռուբեն Շուգարյանը, Իտալիայի սենատի ներկայացուցիչներ, Լեւոնյան վարժարանի ընդհանուր տեսուչն ու սաները, Իտալիայում հայկական տարբեր համայնքների ներկայացուցիչներ եւ բազում հայորդիներ:

Նախաձեռնությանը միացել էին նաեւ Իտալիայում քրդական եւ թուրքական համայնքի տասնյակ ներկայացուցիչներ: Ներկա էր նաեւ Իտալիայում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը: