Թեմական ներկայացուցչական ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անց է կացվում Թեմական ներկայացուցչական երրորդ ժողովը, որին մասնակցում են Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչներ, Հայաստանի եւ Սփյուռքի հայոց թեմերի առաջնորդներ, վանաբնակ բարձրաստիճան հոգեւորականներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ եւ թեմական աշխարահական ներկայացուցիչներ:
Հոկտեմբերի 30-ին ժողովի թվով 76 մասնակից Մայր Տաճարում ներկա գտնվեցին երեկոյան ժամերգության` հավաքական աղոթք կատարելով առաջիկա ժողովի բարի ընթացքի համար: Հավարտ արարողության Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց ժողովի մասնակիցներին, որ Երկնավոր Տերը իմաստությամբ շնորհազարդի նրանց եւ Իր օրհնությունն ու Սուրբ Հոգու առաջնորդությունը պարգեւի առաջիկա օրերի աշխատանքներում` արդյունավորելով բոլոր ջանքերը` ի փառս Աստծո, Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ բարեպաշտ հավատացյալ ժողովրդի:
Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ժողովի հանդիսավոր բացումը` նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ներկայությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության Վարչապետ, Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանի: Տերունական աղոթքից հետո Թեմական ներկայացուցչական ժողովին Հայրապետական իր պատգամը բերեց Նորին Սրբությունը` ողջունելով Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից եւ աշխարհասփյուռ թեմերից ժամանած հոգեւորական եւ աշխարհական պատգամավորներին: Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայոց Եկեղեցու Ընդհանուր Կանոնադրության ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների նախապատմությանը եւ կանոնադրության մշակման ներկայիս ընթացքին` համոզում հայտնելով, որ Եկեղեցու առաքելության իրագործման արդյունավետությունը մեծապես պայմանավորված է կանոնակարգված գործունեությամբ: Նորին Սրբությունն ուղենշեց ժողովի աշխատանքները, որ նվիրված է Ընդհանուր Կանոնադրության մաս կազմող` Թեմական Կանոնադրության ուղենշային փաստաթղթի քննարկմանն ու հաստատմանը: «Թեմական եւ ծխական կանոնադրությունների ուղենշային փաստաթղթի ընդունումը մեր Եկեղեցու համար հուսալի հեռանկարներ է ստեղծելու թեմերի կյանքը առավել կազմակերպված դարձնելու առումով: Այս փաստաթղթի ընդունմամբ մենք զգալի քայլ ենք կատարելու Հայ Եկեղեցու կանոնադրության ընդունման գործընթացում` միաժամանակ արտացոլելով Հայոց Եկեղեցու պատմականոնական դիմագիծը», - նշեց Վեհափառ Հայրապետը` կարեւորելով ամենքի մասնակցությունը քննարկումներին` ի խնդիր Եկեղեցու պայծառության եւ բարեկարգության:
Այնուհետեւ ժողովի մասնակիցներին ողջունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` կարեւոր նկատելով քննվելիք նյութը: Տիար Սահակյանը ընդգծեց Հայոց Եկեղեցու կարեւոր մասնակցությունն ու դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի կյանքում: Նախագահը ներկայացրեց նաեւ Արցախի կյանքի տարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները, արցախահայության հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ ներդրվող պետական եւ հոգեւոր այրերի ջանքները: ԼՂՀ նախագահը նաեւ մեծապես կարեւորեց աշխարհասփյուռ հայության շարունակական զորակցությունը Արցախին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ Վարչապետը մանրամասն անդրադարձավ պետություն-Եկեղեցի հարաբերություններին եւ սերտ համագործակցությանը` շեշտելով Հայ Առաքելական Եկեղեցու կարեւոր դերը ազգային ինքնության պահպանության գործում: Վարչապետը վստահություն հայտնեց, որ ժողովի արդյունքները կնպաստեն Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանը եւ ժամանակակից մարտահրավերների արդյունավետ դիմագրավմանը: Մասնավոր անդրադարձ կատարվեց Հայրենիքի կյանքին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Պաշտոնական բացմանը հետեւեց Ժողովի դիվանի ընտրությունը: Ժողովի ատենապետերի պաշտոնը ստանձնեցին ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու եւ Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Ընտրվեցին նաեւ փոխատենապետեր ու ատենադպիրներ, ինչպես նաեւ հաշվիչ հանձնախումբ:
Ժողովականները կաշխատեն առանձին խմբերով, այնուհետեւ տեղի կունենան ընդհանուր քննարկումներ եւ արդյունքների ամփոփում: