Թեմական կյանք
Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու բակում բացվեց հայ լրագրության հիմնադիր եւ «Ազդարար» ամսագրի խմբագիր Տ. Հարություն ավ. քհն. Շմավոնյանի կիսանդրին
ՀՀ ԿԳ նախարարը հյուրընկալվեց Հայոց Մարդասիրական ճեմարանում
Դեկտեմբերի 11-ին Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Կալկաթայի եկեղեցական խորհրդի անդամները, Մարդասիրական ճեմարանի սաները եւ հնդկահայեր:
Հայ լրագրության հիմնադիր եւ «Ազդարար» ամսագրի խմբագիր Տ. Հարություն ավ. քհն. Շմավոնյանի կիսանդրու պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար Կալկաթա էին ժամանել Հնդկաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԿԳ նախարար Տիար Սերգո Երիցյանը եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամները, ինչպես նաեւ Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը:
Ս. Պատարագի ավարտից հետո ներկաները թափորով դուրս եկան եկեղեցու բակ, ուր Տ. Հարություն ավ. քհն. Շմավոնյանի կիսանդրու մոտ կատարվեց հոգեհանգիստ արժանավոր եկեղեցականի եւ հայորդու հոգու հանգստության համար: Կիսանդրին պատրաստվել է Կալկաթայի եկեղեցական խորհրդի օժանդակությամբ եւ միջոցներով, որի քանդակագործն է Լեւոն Թոքմաջյանը: Վերջինս նույնպես ներկա էր բացման հանդիսությանը: Այս կապակցությամբ իր օրհնության խոսքն էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որն ընթերցեց Մարդասիրական ճեմարանի վարչական տնօրեն Տիգրան սրկ. Բաղումյանը:
«Հնդկաստանում բնակվող մեր ժողովրդի զավակները միշտ ապրեցին Հայրենիքի եւ ազգի հոգսերով, նախանձախնդիր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շինությամբ եւ պայծառությամբ: Հնդկահայերի առ Եկեղեցին Հայաստանյայց սիրո եւ նվիրումի վկայությունները առատ են ինչպես Հայրենիքում, այնպես եւ շատ ու շատ երկրներում` Ռուսաստանում, Չինաստանում եւ այլուր:...Տ. Հարություն ավագ քահանա Շմավոնյանի կիսանդրու տեղադրումը հարգանքի արժանի տուրք է նշանավոր եկեղեցականին ու հայրենասերին, ինչպես նաեւ նրա բոլոր գործակիցներին: Այս առիթով Մեր մաղթանքն է, որ մեր ժողովրդի զավակաց հոգիներում միշտ զորավոր մնա հայրենասեր ու հավատավոր այդ ոգին, որ ծաղկեց հնդկահայ գաղութի ծոցում` ծնունդ տալով ազգաշեն բազմաթիվ իրագործումների, որոնք տակավին այսօր կենդանի են Հնդկաստանում` իբրեւ հայորդյաց գործունեության բարի արգասիքներ»,-ասվում է Նորին Սրբության օրհնության խոսքում:
Կալկաթայի եկեղեցական խորհրդի անունից ներկաներին բարի գալուստ մաղթեց հնդկահայոց հոգեւոր հովիվ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը` անդրադառնալով Տ. Հարություն ավ. քհն. Շմավոնյանի գործունեությանն ու առաքելությանը հեռավոր Հնդկաստանում` ընդգծելով, որ ամուր կառչելով մեր մշակութային արժեքներին եւ պատմական ժառանգությանը, կկարողանանք հաղթահարել մեր առաջ ծառացած մարտահրավերները` պահպանելով մեր ազգային նկարագիրը:
Այնուհետեւ ներկաներին ողջունեց Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը` ընդգծելով այն ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք առկա են երկու երկրների միջեւ եւ որի վառ վկայությունն է նաեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնական այս այցը: Հարգարժան դեսպանը երկու երկրների բարեկամական հարաբերությունների շարունակականության իբրեւ կարեւորագույն գործոն մատնանշեց հնդկահայ գաղութի պատմական ներկայությունն այս հողի վրա` ընդգծելով կալկաթահայության եւ Հայոց Մարդասիրական ճեմարանին վերապահված առաքելությունը:
Ներկաներին իր խոսքով դիմեց նաեւ ՀՀ ԿԳ նախարար Տիար Սերգո Երիցյանը` իր ուրախությունն արտահայտելով նվիրյալ հայորդու կիսանդրու բացման առիթով: Նա իր շնորհակալությունն հայտնեց այս գործը նախաձեռնողներին, կազմակերպիչներին ու քանդակագործին` ուժ եւ կորով մաղթելով հնդկահայոց գաղութի անդամներին:
«Պատմական եւ հիշարժան օր է այսօր ողջ հայության եւ մասնավորապես հնդկահայ գաղութի համար, որովհետեւ կատարեցինք բացումը Տ. Հարություն ավ. քհն. Շմավոնյանի կիսանդրու: Մի նվիրյալ հայի, որ իր ողջ գիտակցական կյանքում ապրեց ազգի հոգսերով եւ մեր հայրենիքի վաղվա փայլուն օրվա վառ տեսլիքով: Եվ այդ նույն առաքելության շարունակողներն եք նաեւ Դուք, սիրելի° կալկաթահայեր եւ Մարդասիրական ճեմարանի սաներ»,- նշեց ԿԳ նախարարը:
Կեսօրին ՀՀ ԿԳ նախարարը, նրան ուղեկցող պատվիրակության անդամները եւ Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանն այցելեցին Հայոց Մարդասիրական ճեմարան: Ճեմարանականներն ավանդական աղ ու հացով դիմավորեցին պատվարժան հյուրերին: Ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը բարի գալուստ մաղթեղ հարգարժան հյուրերին` փոխանցելով Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքը: Հայր Սուրբն իր խոսքում համառոտ ներկայացրեց ճեմարանի ներկա կացությունը եւ այն բոլոր մարտահրավերները, որոնց առաջ կանգնած է այսօր պատմական այս հաստատությունը` հույս հայտնելով, որ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության օժանդակությամբ պիտի կարողանանք օր առաջ հաղթահարել բոլոր առկա դժվարությունները: Հայր Սուրբը ներկայացրեց հատկապես այն աշխատանքները, որոնք կատարվել են վերջին մեկ ամսում վարչական նոր փոփոխություններից հետո` նախարարի ուշադրությանը հանձնելով ապագա ծրագրերից մի քանիսը, որոնք միտված են առաջին հերթին բարձրացնելու համար Մարդասիրական ճեմարանի կրթական մակարդակը եւ բարելավելու երեխաների կեցության պայմանները: Անդրադարձ եղավ նաեւ հաջորդ տարի ճեմարանի 185-ամյակին նախատեոսվող միջոցառումներին:
Ճեմարանի հանդիսությունների սրահում գեղարվեստական հայտագրով հանդես եկան ճեմարանի սաները` ղեկավարությամբ երաժշտության ուսուցիչ Վաչագան Թադեւոսյանի:
Այնուհետեւ ի պատիվ ՀՀ ԿԳ նախարարի եւ հարգարժան հյուրերի` Մարդասիրական ճեմարանի ճաշարանում տրվեց պաշտոնական ճաշ, որին սաներից բացի մասնակցում էին նաեւ Կալկաթայի եկեղեցական խորհրդի անդամները: Ճաշի ընթացքում երեխաների եւ պաշտոնեության անունից մեծահարգ հյուրերին բարի գալուստ մաղթեց ճեմարանի վարչական տնօրեն Տիգրան սրկ. Բաղումյանը` Մարդասիրական ճեմարանի սաներին հորդորելով առավել ջանասիրությամբ ու նախանձախնդրությամբ լծվել իրենց ուսումնառությանը` հույս հայտնելով, որ մեծարգո նախարարի այցը միայն ու միայն խթան եւ նոր լիցք պիտի հաղորդի ճեմարանի սաներին: Հյուրերին ողջունեցին նաեւ ճեմարանի տնօրեն Ջեյմս Դայասը եւ ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը: Հայր Սուրբն իր խոսքում նշեց, որ իրապես պատմական օր է Հայոց Մարդասիրական ճեմարանի համար, որովհետեւ ճեմարանի 185-ամյա պատմության մեջ առաջին անգամ ճեմարան է այցելում Հայաստանի Հանրապետության ԿԳ նախարարը, որը եւ խոսուն վկայությունն է այն սիրո եւ հոգածության, որ տածում է հայրենի մեր պետությունը Մարդասիրական ճեմարանի նկատմամբ:
Վերջում սաներին իր պատգամը հղեց ՀՀ ԿԳ նախարար Տիար Սերգո Երիցյանը` անդրադառնալով կրթության եւ գիտելիքի կարեւորությանը մարդու կյանքում: Նախարարն իր խոսքում նշեց, որ Հայոց Հայրապետի ամենօրյա ուշադրության ներքո է Մարդասիրական ճեմարանը եւ ՀՀ ԿԳ նախարարությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ պիտի անեն ամեն ինչ հատկապես բարձրացնելու համար Մարդասիրական ճեմարանի կրթական մակարդակը` համապատասխանեցնելով այն արդի չափանիշներին:
Հյուրերը նաեւ ծանոթացան տղաների եւ աղջիկների կացարանային պայմաններին` մտերմիկ զրուցելով ճեմարանի սաների հետ:
ՀՀ ԿԳ նախարարը, պատվիրակության անդամները, Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանի եւ Տիգրան սրկ. Բաղումյանի ուղեկցությամբ այցելեցին նաեւ Կալկաթայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եւ Տինգրայի Ս. Երրորդություն եկեղեցիները: