Ընդունելություն

Հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ֆաուզի Սալլուխին` երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ:

Վեհափառ Հայրապետը, ողջունեց հյուրերին եւ ի դեմս պրն. Սալլուխի, իր երախտագիտությունը հայտնեց Լիբանանի իշխանություններին` հայ համայնքի նկատմամբ ունեցած բարյացակամ վերաբերմունքի համար: Նորին Սրբությունը նշեց, որ ադ վերաբերմունքի շնորհիվ է, որ ցեղասպանությունից վերապրած բազմաթիվ հայեր, ապաստան գտնելով Լիբանանում, իբրեւ երկրի արժանավոր քաղաքացիներ, կարողացան վերսկսել ու զարգացնել նաեւ իրենց ազգային, հոգեւոր ու կրոնական կյանքը:

«Ուրախ ենք եւ հպարտ որպես Ամենայն Հայոց հայրապետ, որ մեր ժողովրդի զավակները որպես արժանավոր քաղաքացիներ Լիբանանի իրենց կարեւոր ներդրումն ունեն Լիբանանի քաղաքական, հասարակական ու մշակութային կյանքում: Նաեւ ուրախ ենք եւ մեզ համար հաճելի է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը նույնպես իշխանությունների մշտական ուշադրության ներքո է, եւ լավ հարաբերություններ են ձեւավորված երկուստեք»,- ասաց Վեհափառ Հայրապետը:

Իր հերթին Ֆ. Սալլուխը բարձր գնահատեց լիբանանահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման գործում: Նախարարն հատկապես ընդգծեց հայ համայնքի ավանդը կրթական, առողջապահության եւ այլ ոլորտներում:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Տ. Արարատ ծ.վրդ. Գալթագճյանը: