Ընդունելություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի:
Ողջունելով հյուրերին` Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների դատական կառույցների միջեւ ձեւավորած սերտ համագործակցության համար: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը իր գնահատանքն ու օրհնությունը փոխանցեց Սլովակիայի իշխանություններին` Սլովակիայում ապրող հայորդիների նկատմամբ դրսեւորած բարիացակամ վերաբերմունքի համար: Վեհափառ Հայրապետը նաեւ ողջունեց Սլովակիայի իշխանությունների ցուցաբերած զորակցությունը հայ ժողովրդին եւ նրա վճռական կեցվածքը Հայոց ցեղասպանության ընդունման եւ դատապարտման հարցում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Հունգարիայի իշխանությունների կողմից սպա Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջանին արտահանձնման խնդրին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նշեց, որ նման երեւույթները` իբրեւ ազգատյացության քարոզչություն, համընդհանուր դատապարտության պետք է արժանանան, հակառակ դեպքում` ցավալի անդրադարձ կարող են ունենալ մարդկային կյանքում: