Ընդունելություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հոկտեմբերի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Պետ. Դումայի պատգամավոր, Նոբելյան մրցանակակիր, ակադեմիկոս Ժոռես Ալֆյոռովին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ողջունելով աշխարհահռչակ գիտականին` Սրբազան Հայրն ուրախություն հայտնեց նրան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունելու կապակցությամբ, ինչպես նաև գոհունակություն հայտնեց երկու երկրների գիտնականների միջև առկա սերտ հարաբերությունների և գործակցության համար:
Զրույցի ընթացքում, անդրադարձ կատարելով հավատի և գիտության փոխհարաբերություններին, կարևորվեց կրոնական գիտելիքների և գիտության առաջընթացի ու ձեռքբերումների ներդաշնակ ընկալումը ժամանակակից մարդու կյանքում:
Հանդիպման ավարտին Արշակ Սրբազանը, բարձր գնահատելով ֆիզիկայի բնագավառում գիտնականի ունեցած կարևոր ավանդը, մաղթեց, որ Տերն առավել արդյունավորի նրա գործունեությունը:
* * *
Նույն օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց նաև Ռուսաստանի Դաշնության Պետրոզավոդսկի քաղաքապետ Նիկոլայ Լևինի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը Սրբազան Հայրը ողջունեց Վաղարշապատի քույր-քաղաքների քաղաքապետերի մասնակցությունը քաղաքի օրվա տոնակատարություններին` վստահություն հայտնելով, որ դա ևս պիտի նպաստի քաղաքների միջև հարաբերությունների և համագործակցության առավել սերտացմանը և զարգացմանը:
Մայր Աթոռի դիվանապետը և Պետրոզավոդսկի քաղաքապետն անդրադարձ կատարեցին նաև Պետրոզավոդսկի հայկական համայնքի կյանքին և գործունեությանը: Այս առիթով քաղաքապետն ընդգծեց փոքրաթիվ հայ համայնքի դերը Պետրոզավոդսկի տնտեսական և մշակութային կյանքում:
Հանդիպման խոսվեց նաև Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական փոխահարաբերությունների մասին: