Ընդունելություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում իր լիազորություններն ավարտած Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին:
Նորին Սրբությունը, շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստանում չորսամյա գործունեության համար, իր բարեմաղթանքները հղեց նրան` հայցելով Աստծո օրհնությունն ու օգնականությունը: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված բարեկամությունը կշարունակվի, ինչին իրենց կարեւոր նպաստն են բերում նաեւ դեսպանները:
Իր հերթին, պարոն Սմեսովը նշեց, որ անմոռանալի տպավորություններով է հեռանում Հայաստանից:
* * *
Նույն օրը Վեհափառ Հայրապետն ընդունեց Թուրքմենիստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աթա Սերդարովին: Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով եւ հաջողություններ մաղթեց նրա առաքելությանը: Նորին Սրբությունը նաեւ գոհունակություն հայտնեց դեսպանատան կողմից Հայ Աառաքելական Եկեղեցու եւ Հայոց Հայրապետի հանդեպ մշտապես ցուցաբերվող հարգանքի եւ ուշադրության համար:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ Թուրքմենիստանի հայ համայնքին, հայ եւ թուրքմեն ժողովուրդների պատմական կապերին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության առիթով` պրն. Սերդարովը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ իր պաշտոնավարման շրջանում կանի ամենը երկու ժողովուրդների հարաբերությունների սերտացման ու զորացման համար: