Ընդունելություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հուլիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ Վճռաբեկ դատարանի 10-ամյակի առիթով ընդունեց Վճռաբեկ դատարանի անդամներին եւ ԱՊՀ երկրներից Հայաստան ժամանած նույնանուն կառույցների ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը շնորհավորեց Հայաստանի դատական համակարգի ներկայացուցիչներին` Վճռաբեկ դատարանի հիմնադրման 10¬ամյակի կապակցությամբ: Վեհափառ Հայրապետը համառոտ ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությունը, ապա անդրադարձավ օրենքի կրոնական ընկալմանը եւ աստվածադիր լինելու հանգամանքին:
* * *
Նույն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հույն Ուղղափառ Եկեղեցու Ալեքսանդրիայի եւ Աֆրիկայի պատվիրակության վարչական ղեկավար Սպիրիդոն Կամալակիսին:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ եւ հույն ժողովուրդների միջեւ առկա ջերմ բարեկամությանը, ինչպես նաեւ Հայ Եկեղեցու եւ Ալեքսանդրիայի պատրիարքության հարաբերություններին: