Ընդունելություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի մասնակիցներին
Օգոստոսի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ՙԲացահայտիր Հայաստանը՚ և ՙՀայաստան` կյանքի երկիր՚ երիտասարդական խմբերի անդամներին: Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Բելգիայի, Սիրիայի և այլ երկրների հայկական համայնքներից Հայրենիք ժամանած երիտասարդները մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բարեգործական տարբեր ծրագրերին:
Ուրախություն հայտնելով երիտասարդների հետ հանդիպման առիթով` Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը երիտասարդ հայորդիներին տարբեր երկրներից համախմբում է Հայաստանում, որպեսզի նրանք ճանաչեն իրենց հայրենիքը, հաղորդ դառնան երկրի և° դժվարություններին, և° տեսիլքներին, փորձեն հասկանալ, թե ինչպես և որքանով կկարողանան մասնակցել երկրի կառուցմանը և առաջընթացին:
Նորին Սրբությունը, դիմելով երիտասարդներին, մասնավորաբար նշեց. ՙԵկեղեցին է, որ առավել չափով ձեզ համար կբացի մեր ազգային-հոգևոր արժեքների աշխարհը, որովհետև դարեր շարունակ այդ արժեքները, մեր ժողովրդի հոգին, նկարագիրը, մեր ժողովրդի իղձերը, երազներն ու հույսերը կերտվել են Եկեղեցու հարկի ներքո, Եկեղեցու օրհնության և առաջնորդության ներքո: Պատահական չէ, որ մեր ազգի զավակներն այդքան կապված են Եկեղեցուն, սիրում են Եկեղեցին, քանի որ Եկեղեցին իրենց ինքնության և գոյության երաշխիքն է, և պետք է դուք էլ գիտակցեք ու զորավոր կերպով կապվեք, առնչվեք եկեղեցու հետ, ձեր հավատարմությունը պահեք հանդեպ Եկեղեցին և ձեր կենդանի աղոթքով շեն ու զորեղ պահեք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՚, - ասաց Վեհափառ Հայրապետը` հավելելով, որ ինքնախաբեություն է այն մտածումը, որ մեկը կարող է լինել լիարժեք հայ, արժանի ժառանգը իր նախնիների` հեռու մնալով իր Եկեղեցուց, իր հայրերի հավատքից, իր հոգևոր արժեքներից և իր ազգային-եկեղեցական սովորույթներից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց երիտասարդներին առավել նախանձախնդիր լինել եկեղեցի այցելելու, եկեղեցական կյանքի մեջ ներգրավվելու հարցում և եկեղեցական կյանքի միջոցով օգտակարություն ունենալ համայն հայ ժողովրդին:
Նորին Սրբությունը վերստին իր գնահատանքը բերեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը, որը միշտ աջակից ու զորակից է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայ Եկեղեցու սրբազան առաքելությանը: