ԸՆԴՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ

Նոյեմբերի 22-ին կայացավ Վանաձոր համայնքի Ավագանու նիստ, ուր միաձայն ընդունվեց Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպու եպս. Չուլջյանի եւ Լոռու մարզպետ Հ. Քոչինյանի առաջարկը` մարզի մանկական կրթօջախներն անվանել համաքրիստոնեական եւ հայազգի նշանավոր սրբերի անուններով: Հայաստանի բոլոր մարզերում սա առաջին նախաձեռնությունն է, որը նպատակ է հետապնդում մատաղ սերնդի մեջ սեր ու ակնածանք արթնացնել հոգեւոր եւ ազգային մեծությունների հանդեպ:

Ի դեպ, Գուգարաց թեմի Լոռու մարզում թեմակալ առաջնորդի եւ մարզպետի նախանձախնդրությամբ եւ համագործակցության արդյունքում դեռեւս 1998թ. «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան` որպես դպրոցական պարտադիր առարկա, Հանրապետությունում առաջին անգամ մուտք գործեց մարզի հանրակրթական դպրոցներ:

Հուսով ենք, որ այս շարունակական համագործակցությունն իր բարեբեր պտուղները կունենա նաեւ ապագայում: