«Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի ամավերջի հանդիսությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատությունում տեղի ունեցավ ուսումնական տարվա փակման եւ ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր միջոցառում: Հանդիսությանն իրենց մասնակցությունը բերեցին դպրոցի տեսուչ Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը, բարերարի ներկայացուցիչները, դպրոցի տնօրենությունը եւ մանկավարժական կազմը, աշակերտները եւ բազում հրավիրյալներ:

Հանդիսությունը բացեց դպրոցի երգչախումբը Տերունական աղոթքի եւ ՀՀ օրհներգի կատարումներով, որից հետո դպրոցի տնօրեն Ս. Զաքարյանը հաշվետու զեկույցով ներկայացրեց անցնող ուստարվա ձեռքբերումներն ու բացթողումները` հատուկ իր երախտագիտությունը հայտնելով Նորին Սրբությանն իր հայրական հոգատարության համար:

Գեղարվեստական գողտրիկ հայտագրից հետո հանդիսությունը փակվեց Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի օրհնության խոսքով, ով շնորհավորեց Մայր Աթոռի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի պատվո անունը կրող առաջին շրջանավարտներին եւ հորդորեց իրենց ապագա կյանքի շիտակ ընթացքով միշտ բարձր պահել կրթօջախի հեղինակավոր պատիվը: Հայր Սուրբը նաեւ մանկավարժներին, աշակերտներին եւ ներկաներին փախանցեց Վեհափառ Հայրապետի օրհնություններն ու շնորհավորանքներն անցնող ուսումնական տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումների եւ ամբարած գիտելիքների համար:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ