Էջմիածնի քույր քաղաքների ներկայացուցիչների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց Էջմիածին քաղաքի տոնի առիթով Հայաստան ժամանած Էջմիածնի քույր քաղաքներ Պետրոզավոդսկի (Ռուսաստանի Դաշնություն), Ֆրեզնոյի (ԱՄՆ) և Իսի-լե-Մուլինոյի (Ֆրանսիա) ներկայացուցիչներին` ուղեկցությամբ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի:
Ողջունելով հյուրերի այցը Հայաստան և նրանց մասնակցությունը քաղաքի 2699-ամյակի առիթով կազմակերպված տոնակատարություններին` Արշակ Սրբազանը Էջմիածնի քույր քաղաքների ներկայացուցիչներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները:
Մայր Աթոռի դիվանապետն ուրախությամբ հաստատեց, որ Էջմիածնի տոնն արդեն իսկ բարի ավանդույթ է դարձել, և այդ առիթով շնորհավորեց ներկաներին` կարևորելով քույր քաղաքների միջև սերտացող կապերն ու գործակցությունը տարբեր ոլորտներում: Սրբազան Հայրն անդրադարձավ նաև քաղաքային իշխանությունների և Մայր Աթոռի միջև առկա ջերմ փոխհարաբերություններին:
Հանդիպմանը խոսվեց նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով քույր քաղաքների կողմից ծրագրվող համատեղ միջոցառումների մասին: