Էջմիածնի եւ Սերգիեւ Պոսադի միջեւ բարեկամության եւ համագործակցության հռչակագրի ստորագրում

Էջմիածնի եւ Սերգիեւ Պոսադի միջեւ բարեկամության եւ համագործակցության հռչակագրի ստորագրում 16.03.2010

Հովվապետերի առանձնազրույց

Ծաղկեպսակի զետեղում ռուս զինվորների հուշակոթողին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Հրաշափառի» եւ բարիգալստյան արարողության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը ուղղվեցին դեպի Վեհարան, ուր տեղի ունեցավ երկու հովվապետերի առանձնազրույցը:

Այնուհետեւ Վեհարանի հանդիսությունների սրահում կատարվեց Էջմիածին եւ Սերգիեւ Պոսադ քաղաքների միջեւ բարեկամության եւ համագործակցության հռչակագրի ստորագրման արարողությունը ներկայությամբ երկու Եկեղեցիների պետերի:

Նախ Ամենայն Հայոց Հայրապետը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքին ներկայացրեց Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներին, ԳՀԽ անդամներին եւ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին: Արարողության կարեւորությանն անդրադարձավ Արցախի հայոց թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ապա հրավիրեց Էջմիածնի եւ Սերգիեւ Պոսադի քաղաքապետերին ստորագրելու հռչակագիրը: Այնուհետեւ իրենց սրտի խոսքն ասացին քաղաքապետերը` երախտագիտություն հայտնելով երկու Հայրապետներին իրենց ներկայության եւ կարեւոր այս ձեռնարկին տված օրհնության համար: «Ստորագրված փաստաթուղթը լրացուցիչ ազդակ է երկու պետությունների եւ ժողովուրդների պատմության մեջ քննություն բռնած Մեծ բարեկամության: Համոզված եմ, որ Սերգիեւ Պոսադի քաղաքային իշխանությունների հետ մեր փոխշահավետ համագործակցությամբ կնպաստենք երկու քաղաքների բարեկամության հետագա զարգացմանը», - ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Իր հերթին Սերգիեւ Պոսադի քաղաքագլուխը Ն.Վ Մասլովը եւս կարեւորեց հարաբերությունների ամրապնդումը երկու քաղաքների միջեւ:

Նույն օրը երկու Հովվապետերը` ուղեկցությամբ իրենց պատվիրակությունների, այցելեցին 1828 թ. Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում զոհված ռուս զինվորների հուշակոթող Օշականի մերձակայքում: Ծաղկեպսակներ զետեղելուց հետո Վեհափառ Հայրապետը եւ Ռուսիո Պատրիարքը աղոթք վերառաքեցին առ Աստված` զոհված զինվորների հոգու հանգստության համար: