Էկումենիկ պաշտոնյաների ժողով Շվեյցարիայում
Դեկտեմբերի 4-6-ը Բոսսեի Էկումենիկ ինստիտուտում (Շվեյցարիա) տեղի ունեցավ էկումենիկ պաշտոնյաների ժողով, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասնակցում էր Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ծիսահայեցակարգային գրասենյակի պատասխանատու Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը: Ժողովը նվիրված էր 2013 թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը Հարավային Կորեայի Բուսան քաղաքում տեղի ունենալիք Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ ասամբլեայի նախապատրաստական աշխատանքներին և ԵՀԽ ապագա ծրագրերին:
Ժողովի ընթացքում ԵՀԽ գլխավոր քարտուղար դր. Օլավ քհն. Թվեյթը, բարի գալուստ մաղթելով ներկաներին Բոսսեի Էկումենիկ ինստիտուտ, անդրադարձավ ԵՀԽ 10-րդ ասամբլեայի կարևորությանը և նշանակությանը քրիստոնեական եկեղեցիների կյանքում: Նա նաև ներկաներին պատմեց ԵՀԽ ներկայիս գործունեության և ապագա տեսլականի մասին` շնորհակալություն հայտնելով ԵՀԽ անդամ եկեղեցիներին իրենց գործուն մասնակցության համար:
ԵՀԽ մի շարք պատասխանատուներ հանդես եկան զեկույցներով` տարբեր տեսանկյուններից անդրադառնալով Բուսանի 10-րդ ասամբլեայի նախապատրաստական աշխատանքների մանրամասներին: Քննարկումների ընթացքում էկումենիկ պաշտոնյաները ներկայացրեցին իրենց եկեղեցիների տեսակետները և առաջարկները` ասամբլեան հավուր պատշաճի անցկացնելու համար:
Էկումենիկ ժողովի ընթացքում Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը և բարեմաղթանքները` ներկայացնելով վերջին շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական գործունեությունը: Նա նաև անդրադարձավ Բուսանի ասամբլեային Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակության մասնակցությանը:
Ժողովականները մասնակցեցին նաև առավոտյան և երեկոյան ժամերգություններին և հանդիպեցին Էկումենիկ ինստիտուտի ուսանողների հետ, որոնց թվում է նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Տ. Արիս աբեղա Տոնոյանը: