Էկումենիկ միջազգային կոնֆերանս Բոզեի վանական համալիրում
Սեպտեմբերի 3-7-ը Իտալիայի Բոզե վանական համալիրում տեղի ունեցավ ուղղափառ հոգեկանությանը նվիրված «Հոգևոր կյանքի շրջափուլերը» խորագրով 21-րդ էկումենիկ միջազգային կոնֆերանսը, որին ներկա էին 200-ից ավել աշխարհականներ և հոգևորականներ Ուղղափառ, Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիներից, տարբեր վանքերից և քրիստոնեական կազմակերպություններից: Կոնֆերանսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցում էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների ծիսահայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը, որը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ. Վեհափառի օրհնությունն ու բարեմաղթանքները:
«Անհնար է պատկերացնել մարդու կյանքն առանց Արարչի հետ հաղորդակցության, որն իմաստավորվում է կենդանի գործերով և հավատքի կյանքով: Չնայած Ս. Մկրտությամբ սկիզբ առնող հոգևոր կյանքը լի է բազում փորձություններով, բայց Տիրոջ օգնությամբ հաղթահարելի է ամեն ինչ, երբ աներեր հավատ, հույս և սեր կա հանդեպ մեր Տերը, ով աշխարհ եկավ մարդկության փրկության համար` ցույց տալով երկինք տանող ճանապարհը: Նրան հետևեցին, Նրանով գոտեպնդվեցին և Նրանով զորացան իրենց հավատքի և հոգևոր փորձառության մեջ նաև Եկեղեցու Ս. Հայրերը` հոգեշահ գրվածքներով կրթելով մարդկանց հոգիներն ու մտքերը»,- ասվում է Հայոց Հայրապետի ուղերձում:
Կոնֆերանսի ընթացքում Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն առանձին հանդիպում ունեցավ Բոզեի վանքի հիմնադիր և կոնֆերանսի կազմակերպիչ Էնցո Բիանկիի հետ` նրան փոխանցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու ողջույնները: Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց Մայր Աթոռի և վանական համալիրի միջև ձևավորված ջերմ հարաբերություններին և հետագա համագործակցության ծրագրերին:
Էկումենիկ միջազգային կոնֆերանսի ժամանակ Ս. Գրքի և հայրախոսական ժառանգության լույսի ներքո բանախոսներն անդրադարձան հոգևոր կյանքի առանձնահատկություններին և արդի մարտահրավերներին, մասնակիցները նաև աղոթեցին Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրայում խաղաղության հաստատման և ամրապնդման համար: