Զալցբուրգի արքեպիկոպոս դոկտոր Ալոյս Քոթգասերը եւ «Պրո-Օրիենտե» կազմակերպության պատվիրակությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սեպտեմբերի 12-ին` Խաչվերացի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վանական խորհրդի նախագահ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանն հանուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունեց Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Զալցբուրգի արքեպիսկոպոս դոկտոր Ալոյս Քոթգասերին եւ «Պրո-Օրիենտե» կազմակերպության ներկայացուցիչներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի:
Ողջունելով հյուրերի այցը համայն հայության կենտրոն` Փառեն Սրբազանն իր խոսքում տեղեկացրեց, որ Նորին Սրբությունն այս օրերին հովվապետական այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արեւմտյան թեմում: Սրբազանը անդրադարձավ նաեւ նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Վատիկանի միջեւ առկա սերտ եղբայրական հարաբերություններին, ինչպես նաեւ տասնամյակների համագործակցությանը «Պրո-Օրիենտեի» շրջանակներում:
Պատասխան խոսքում Զալցբուրգի արքեպիսկոպոսն իր երախտագիտությունը հայտնեց ջերմ ու բարեկամական ընդունելության համար, ապա անդրադարձավ «Պրո-Օրիենտե» կազմակերպության գործունեությանը` ի մասնավորի վերհիշելով կազմակերպության ղեկավարության բազում հանդիպումները Հայ Եկեղեցու նվիրապետական Աթոռների գահակալների հետ: Քոթգասեր արքեպիսկոպոսն արձանագրեց, որ նույն ջերմ ու եղբայրակայն հարաբերությունները շարունակվում են նաեւ այսօր ի դեմս Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի:
Զալցբուրգի արքեպիսկոպոսի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Ավստրիայի քաղաքական, հասարակական բազում գործիչներ, ներկա գտնվեց նաեւ Պատարագի սրբազան արարողությանը: