Երիտասարդական ներկայացուցչական հավաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռի հովանու ներքո հիմնվում է Հայ Եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպություն
Մարտի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ նախագահությամբ ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի տեղի ունեցավ երիտասարդական ներկայացուցչական հավաք:
Հավաքի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո հիմնադրել Համազգային հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպություն, որի կենտրոնական գրասենյակը գտնվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կազմակերպության ստեղծման աշխատանքները համակարգում է Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, իսկ Սրբազանին օգնական նշանակվել է Մայր Աթոռի միաբան Տ. Նշան աբեղա Պետրոսյանը:
Ներկայացուցչական հավաքին մասնակցում են Գեւորգյան եւ Վազգենյան հոգեւոր ճեմարանների սաներ, Մայր Աթոռի երիտասարդ միաբաններ, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչներ, Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփյուռ գրեթե բոլոր թեմերից ժամանած շուրջ յոթանասուն երիտասարդներ:
Ժողովի աշխատանքներն սկսվեցին Տերունական աղոթքով եւ «Սուրբ Աստուած» շարականի երգեցողությամբ, ապա հավաքի բացման խոսքով երիտասարդներին դիմեց Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: «Այս օրը ձեր կյանքի մեջ պատմական պետք է համարեք, որովհետեւ առաջին անգամ պաշտոնապես հիմք է դրվում Հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպության: Թեեւ առանձին թեմական կառույցներից ներս երիտասարդաց միություններ կան, սակայն այսօրվա ժողովի նպատակն է ստեղծել համազգային երիտասարդական մի կառույց, որ պետք է առաջնորդվի մեկ ընդհանուր կանոնադրությամբ եւ համակարգված գործի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո»,- ասաց Սրբազան Հայրն իր խոսքում: Վերհիշելով Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյա հոբելյանի տոնակատարությունների շրջանակներում ստեղծված Մայր Աթոռի երիտասարդական գրասենյակի գործունեությունը` Հովնան Սրբազանը կարեւոր եւ հրամայական նկատեց երիտասարդների ամբողջական մասնակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքին: Սրբազանը հորդորեց ամենքին միմյանցով զորանալ եւ զորացնել իրենց հոգիներից ներս Աստծու տված կոչումը: «Այս հավաքը պետք է որ մեր կյանքում այլակերպության, փոխակերպման առիթ դառնա, որպեսզի յուրաքանչյուր հանգրվան մեր ծառայության հնարավորություն դառնա դեպի Աստված բարձրանալու»,- նշեց Հովնան Սրբազանը:
Կազմակերպության առաքելության եւ գործունեության ոլորտների վերաբերյալ քննարկումներից հետո հավաքի մասնակիցներն ընտրեցին Կենտրոնական խորհուրդ, որը, գործադրելով ներկայացուցչական ժողովի որոշումները, կնախապատրաստի Համազգային հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպության 2008թ. առաջին պատգամավորական ժողովը: Պատգամավորական ժողովին կներկայացվի նաեւ ներկայացուցչական հավաքի որդեգրված` Կազմակերպության կանոնադրության նախագիծը: Մինչ պատգամավորական ժողովը Հայ Եկեղեցու թեմերում կհաստատվեն Հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպության գրասենյակներ, տարբեր մայրցամաքներում կգումարվեն շրջանային ենթահանձնախմբերի ժողովներ:
Հավաքի մասնակիցներին Վեհարանի հարկի ներքո ընդունեց եւ Հայրապետական իր օրհնությունը փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Մեզ համար շատ էական է եւ կարեւոր այս նախաձեռնությունը` Հայ Եկեղեցու եկեղեցասեր երիտասարդաց կառույցի ձեւավորումը, որն օգտակար եւ շահեկան պիտի լինի եկեղեցական մեր առաքելության իրականացման գործում: ....Եկեղեցին պետք է կարողանա ներկայություն լինել մեր կյանքի բոլոր ոլորտներում: Դա չի կարող միայն հոգեւորականների աշխատանքի շնորհիվ իրականացվել, այլ ավագ եւ երիտասարդ սերնդի բոլոր հայորդիների աջակցությամբ: ...Երիտասարդների ձայնը պետք է հնչի եկեղեցական մեր կառույցներից ներս, եւ ձեր շարքերը պիտի ժամանակի մեջ ավելի ընդարձակվեն եւ համալրվեն նոր անդամներով»,- ասաց Նորին Սրբությունը` խոստումնալից եւ հուսադրող նկատելով ձեռնարկված առաջին քայլերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւոր նկատեց, որ երիտասարդները հաղորդ դառնան եկեղեցական կյանքի խնդիրներին, որպեսզի իրենց գործունեությամբ թե ներկայիս եւ թե ապագային նպաստեն հոգեւոր կյանքի առավել արդյունավետ կազմակերպմանը եւ առկա խնդիրների լուծմանը:
Վեհափառ Հայրապետը նաեւ իր գնահատանքը հայտնեց Հովնան Սրբազանին երիտասարդների նկատմամբ ունեցած սիրո եւ հետեւողական ու նախանձախնդիր աշխատանքի համար:
Ներկայացուցչական հավաքին ներկա էր Իտալիայի Հայոց հոգեւոր հովիվ Տ. Առեն վարդապետ Շահինյանը: