Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի հանդիպում Ժնեւում
Դեկտեմբերի 15-19-ը Ժնեւի Էկումենիկ կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի անդրանիկ հանդիպումը, որի ընթացքում ընտրվեցին Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նոր նախագահը` Ֆրանսիայի Հույն Ուղղափառ Եկեղեցու Էմանուել Միտրոպոլիտը (Տիեզերական Պատրիարքություն), կառույցի նախագահության նոր անդամները, «Եկեղեցիները երկխոսության մեջ», «Եկեղեցի եւ Հասարակություն» եւ Միգրացիայի հարցերով հանձնախմբերի նոր անդամները:
Առաջիկա երեք տարիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «Եկեղեցիները Երկխոսության մեջ» հանձնախմբում ներկայացնելու է Արգածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը, «Եկեղեցի եւ Հասարակություն» հանձնախմբում` Մայր Աթոռի Եկեղեցի եւ պետություն հարաբերությունների բաժնի պատասխանատու, փոխդիվանապետ Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը, Միգրացիայի հարցերով հանձնախմբում` Մայր Աթոռի Ներեկեղեցական բաժնի պատասխանատու Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:
Կենտրոնական կոմիտեն քննարկեց եւ հաստատեց Կոնֆերանսի 2010-2013 թթ. ծրագրային ուղղությունները, անդրադարձ կատարվեց կառույցի ֆինանսական վիճակին:
Հանդիպման ընթացքում Կենտրոնական Կոմիտեն առանձին հայտարարություններով հանդես եկավ Կոպենհագենյան գագաթաժողովի եւ Իտալիայում գաղթականների վիճակի վերաբերյալ:
Մասնակիցները անդրադարձան Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների վիճակին եւ ծանոթացան դրանց ուղղությամբ Կոնֆրանսի եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի համատեղ մոնիթորինգի հանձնախմբի աշխատանքներին: Անդրադարձ կատարվեց Վրաստանի Հանրապետությունում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների խնդիրներին, դրանց առնչությամբ հանձնարարականներ տրվեցին ԵԵԿ Գլխավոր քարտուղարին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի կենտրոնական կոմիտեում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում է Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը: