Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Նոյեմբերի 6-ին, հընթացս Հայրապետական Սբ. Պատարագի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում ստացան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն ծայրագույն վարդապետ Նաջարյանը, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև վարդապետ Հակոբյանը, Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը և Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը:
Նոյեմբերի 5-ին, երեկոյան ժամերգությունից առաջ, Մայր Տաճարում կատարվեց ընծայացուների ուխտադրության կարգը, որի ընթացքում Հայր Սուրբերը երդմնագրեր ստորագրեցին` Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցուն և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին հավատարմության իրենց ուխտը կատարելով:
Պատարագի սրբազան արարողությունը սկսվեց Սբ. Ստեփանոս Նախասարկավագի խորանի վրա, որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը£ Ապագա եպիսկոպոսների արժանավորության մասին Ամենայն Հայոց Հայրապետին վկայեցին դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաև ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ: Որպես առընթերականներ Նորին Սրբությանը սպասավորում էին Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Այնուհետև Սբ. Պատարագը շարունակվեց Միածնաէջ Տաճարի Ավագ Խորանին, որտեղ Նորին Սրբությունը ընծայացու Հայր Սուրբերին եպիսկոպոսության կոչեց և Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները£ Այնուհետև նորաօծ եպիսկոպոսներին Վեհափառ Հայրապետը հանձնեց նաև եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերըª եպիսկոպոսական գավազաններ և մատանիներ, ինչպես նաև Սբ. Ավետարան` ի նշան քարոզչության:
Ձեռնադրությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց նորաօծ եպիսկոպոսներին և ներկա հավատավոր ժողովրդին: Նորին Սրբությունն իր ուրախությունն արտահայտեց այս իրադարձության առիթով` նշելով, որ Հայոց Եկեղեցին, որ Ցեղասպանության և խորհրդային եկեղեցամարտության տարիներին կորցրել էր բազում եկեղեցականներ, այսօր զորանում է եպիսկոպոսաց դասով, նոր սպասավորներով, ովքեր անձնվեր առաքելության են կոչվում` հանուն հայ ժողովրդի հոգևոր մխիթարության, հայոց ազգային-եկեղեցական անդաստանի պայծառության: ՙԵպիսկոպոսը աստվածային լիառատ շնորհները փոխանցելու զորությամբ, եկեղեցավարչական առավել եռանդուն գործունեության, Տիրոջ վարդապետությանն անշեղորեն հետևելու ուխտադրությամբ, առաքելաբար գործելու հանձնառությունն է ստանձնում` ի սեր հավատավոր ժողովրդի: Եպիսկոպոսը հոգածու խնամակալն է Եկեղեցու, ՙորն Աստծո քաղաքն է՚, ուր հոգու խաղաղություն և աստվածային շնորհներն են բաշխվում հավատացյալներին: Ձեռնադրության առաքելական հաջորդականությունը այսօր նորաօծ եպիսկոպոսներին հաղորդ է դարձնում անմիջականորեն Տիրոջից շնորհված և փոխանցված պարգևներին Սուրբ Հոգու, հաղորդակից դարձնում նաև ոգուն ու նախանձախնդրությանը այն եպիսկոպոսների, ովքեր իրենց կյանքը դրեցին իրենց հավատավոր հոտի համար, ովքեր իրենց գործը լույս դարձրեցին Աստծո փառքի և Եկեղեցու պայծառության համար՚, - անդրադառնալով եպիսկոպոսի կոչմանը` իր խոսքում նշեց Վեհափառ Հայրապետը:
ՙՍիրելի բարեպաշտ զավակներ Մեր, Տիրոջ կենարար Հարությունից ավելի քան երկու հազար տարիներ անց` ներկա ժամանակներում, բազում են խնդիրները, որոնք վերաբերում են ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային, այլև հոգևոր ասպարեզին: Մեծ է անհրաժեշտությունը հոգևոր կյանքի զորացման, Տիրոջ խոսքի առավել քաջեռանդ քարոզչության, ծառայանվեր ու խնամատար գործունեության, բարի ավանդույթներով նոր սերնդի կրթության ու դաստիարակության, մարդկանց կյանքը առ Աստված հավատով ու հույսով վերաիմաստավորման: Այսօր, երբ Տիրոջ ողորմությամբ ստվարանում են մեր հոգևորականաց շարքերը, հոգևոր-եկեղեցական կյանքի առաջընթացի համար մեծապես անհրաժեշտ են խոհեմ և բանիմաց, քաջեռանդ և կորովի եպիսկոպոսներ, ովքեր գլխավորելով Եկեղեցու գործունեության տարբեր ասպարեզները` նորանոր հաջողություններ պիտի բերեն հավատավոր մեր ժողովրդին և հավելեն փառքը առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցու: Քրիստոնյա ժողովուրդների դարավոր պատմության էջերում բազում են վկայությունները, որ հոգևոր վերելքների, ազգային-եկեղեցական կյանքի զարթոնքի առատ արգասիքներ են եղել, երբ իմաստուն և նախանձախնդիր եպիսկոպոսների առաջնորդության ներքո հոգևոր սպասավորների անձնվեր և խիզախ ծառայությունները զորացրել են Եկեղեցին, վառ պահել հավատքը, ամուր ու անսասան` հավատացյալների աստվածսիրության և եկեղեցանվիրումի ոգին՚, - ասաց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը` հույս հայտնելով, որ սրբալույս մյուռոնով օծյալ նոր եպիսկոպոսները նույն նախանձախնդրությամբ և բեղուն ծառայագործությամբ պիտի իրենց սպասավորությունն իրականացնեն Աստծո փառքի և Սուրբ Եկեղեցու պայծառության համար:
Դիմելով ձեռնադրյալ վեց եպիսկոպոսներին` Նորին Սրբությունը հորդորեց Տիրոջ լույս օրինակով գործել և ծառայել, հաստատուն պահել իրենց ուխտը և տերունապատվեր առաքելությամբ հավելել իրենց ազգօգուտ ու եկեղեցանվեր գործերն ու վաստակը նորանոր արարումներով և ձեռքբերումներով: Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց Հայկազուն, Վահան, Տաթև, Գևորգ, Մուշեղ և Հովնան Սրբազաններին` Բարձրյալի զորակցությամբ ու օգնականությամբ առավել անձնվիրությամբ շարունակել իրենց բարի ծառայությունը բերել Քրիստոսասեր հայ ժողովրդին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
ՙՈղջույնի՚ ընթացքում արարողությանը ներկա բոլոր եկեղեցականները բարձրացան Սուրբ խորան` առնելու նորաօծներից Ողջույնը և շնորհավորելու ձեռնադրության և օծման առիթով: Ս. Պատարագի ավարտին բարեպաշտ ժողովուրդը և հյուրերը ևս իրենց շնորհավորանքներն ու մաղթանքները բերեցին նորաօծ եպիսկոպոսներին:
Ձեռնադրության արարողությանը ներկա էին Վեհափառ Հայրապետի գահակալության 12-ամյակի և ծննդյան 60-ամյակի տոնակատարությունների առիթով Մայր Աթոռ ժամանած Հայոց Եկեղեցու նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, աշխարհասփյուռ թեմերի առաջնորդներ և թեմական պատվիրակներ, Մայր Աթոռի միաբաններ, բարերար հայորդիներ, ձեռնադրյալների բարեկամներ և ուխտավորներ:
Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները Մայր Տաճարում կմատուցեն ուխտի պատարագներ:
###
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆՆԵՐ
Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյան
Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը (ավազանի անունը` Վրեժ) ծնվել է 1952թ. Հալեպում:
1959-1964թթ սովորել է Բեյրութի Վահան Թեքեյանի անվան տարրական դպրոցում, 1964-1967թթ` Բեյրութի Հովակիմյան-Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցում:
1967թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան և ավարտել 1973թ.: Նույն` 1973թ. Գևորգյան ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ ՙՄխիթար Գոշ. մեկնություն Երեմիա մարգարեի՚ թեմայով:
Այնուհետև 1973թ Ս. Էջմիածնում` ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ, իսկ 1975թ. Լոնդոնի Ս. Սարգիս եկեղեցում ստացել է քահանայական ձեռնադրություն` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի:
1973-1974թթ. աշխատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` որպես կաթողիկոսարանի քարտուղար:
1974-1975թթ. սովորել է Քենթերբերի Ս. Օգոստինոսի դպրոցում` Հովվական աստվածաբանություն, 1975-1978թթ.` Լոնդոնի Քինգս քոլեջում` ստանալով Պսակավոր աստվածաբանության (BD) աստիճան:
1978-1979թթ. սովորել է Շոտլանդիայի Ս. Անդրյուսի անվան դպրոցում: 1979-1981թթ եղել է Լոնդոնի Ս. Պետրոս եկեղեցու հոգևոր հովիվ, իսկ 1981-1986թթ. պաշտոնավարել որպես Գևորգյան Հոգևոր ճեմարանի փոխտեսուչ, Նոր Կտակարանի և Ընդհանուր եկեղեցու պատմության դասախոս:
1983թ. ՙՎանական շարժման սկզբնավորությունը Հայաստանում՚ թեմայով պաշտպանել է վարդապետական թեզ և Օշականում ստացել վարդապետական գավազան` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի:
1986թ ՙՍ. Բարսեղ Կեսարացու կանոնները՚ թեմայով պաշտպանել է ծայրագույն վարդապետության թեզ և նույն թվականին` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, Օշականում ստացել գավազան:
1986-1988թթ. Գարեգին Ա երջանկահիշատակ Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ,1988-1991թթ.` Նյու Ջերսիի Ս. Ստեփաննոս եկեղեցու հոգևոր հովիվ, իսկ 1991-1995թթ` կրկին ԱՄՆ Հայոց արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ:
1992թ. ընդունվել է Կոլումբիայի համալսարան և Պատմության մագիստրոսի (MA) աստիճանով ավարտել 1993թ:
1995-1999թթ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ստանձնել է Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնը, դասավանդել որպես Նոր Կտակարանի դասախոս:
2000-2002թթ. եղել է Դալլասի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, իսկ 2002-2007թթ` Ֆիլադելֆիայի Ս.Սահակ և Ս. Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ: 2002-2010թթ. նաև պաշտոնավարել է որպես ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ, այնուհետև 2010թ. նշանակվել Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ:
Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան
Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը ծնվել է Իրաքի Բաղդադ քաղաքում 1963 թ.:
Բաղդադում նախնական կրթությունը ստանալուց հետո ընդունվել է Բաղդադի Էլեկտրաինժիներական համալսարան եւ ավարտել այն 1985 թ-ին:
Նույն թվականին ընդունվել է Նյու-Յորքի (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ) Ս. Ներսես ճեմարան` միաժամանակ սովորելով նաեւ Նյու-Յորքի Ս. Վլադիմիր Ուղղափառ ճեմարանում:
1989 թ.-ին ավարտել է Ս. Ներսես ճեմարանը և Ս. Վլադիմիր ճեմարանը և պաշտպանելով թեզ ՙՇահապիվանի ժողովը. թարգմանություն, ներածություն և մեկնաբանություն՚ թեմայով ստացել մագիստրոսի աստիճան:
1987 թ.-ին ձեռնադրվել է սարկավագ:
1990 թ.-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա և ծառայությունը բերել Բաղդադում և Մոսուլում:
1991-1992թ. ծառայել է որպես Նյու Յորքի Ս. Խաչ եկեղեցու այցելու հոգևոր հովիվ:
1992-1993թթ. ծառայել է որպես Նյու Յորքի Ս. Վարդանանց եկեղեցու լուսարարապետ:
1993-1999թթ. եղել է Ս. Ղևոնդ եկեղեցու (Ֆեյեր Լոուն, Նյու Ջերսի) հոգևոր հովիվ:
1994թ. ՙԳ Կորնթացիս թուղթը Հայ Եկեղեցու գրականության մեջ՚ թեմայով պաշտպանել է վարդապետական թեզ և ստացել մասնավոր վարդապետական գավազան:
Շարունակելով ուսումնառությունը` մասնակցել է ՙՂպտական Ընթերցվածք. Թովմասի Կտակարան՚, ՙԹալմուդ եւ Ռաբբիականություն՚, ՙԻսլամ եւ Ղուրան՚ դասընթացներին: Ուսանել է Բրոնքս շրջանի (Նյու-Յորք) Ֆորդհամի համալսարում և 1998 թ. ավարտել այն` ստանալով Աստվածաշնչյան ուսումնասիրությունների դոկտորի կոչում: Պաշտպանել է ավարտաճառ ՙԳ Կորնթացիս. Պողոսի վերադարձը քրիստոնեական ուղղափառության՚ թեմայով:
1999-2000 թթ. եղել է Ս. Ներսես ճեմարանի տեսչի պաշտոնակատար:
2006թ. ՙՆոր Կտակարանի պարականոն տեքստերը և Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը՚ թեմայով պաշտպանել է ծայրագույն վարդապետական թեզ` արժանանալով ծայրագույն վարդապետական աստիճանի:
2000-2010թթ. եղել է Ս. Մարտիրոսաց եկեղեցու հոգևոր հովիվ:
2009թ. դեկտեմբերի 14-ին ընտրվել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ:
Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը հեղինակ է տասնյակ աշխատությունների և հոդվածների: Դասախոսել է մի շարք ուսումնական հաստատություններում` Ջորջիայի դատական համալսարանում, Ս. Մարկոսի Ղպտական ճեմարանում, Ս. Ներսես ճեմարանում: Անդամ է Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային միության, Քրիստոնեական պարականոն գրականության ուսումնասիրության միության, Աստվածաշնչային կաթոլիկ ընկերություն, ՙՄատենադարանի բարեկամներ՚ տնօրենների խորհրդի, Ամերիկայի Աստվածաբանական Ուղղափառ ընկերության, Աստվածաշնչյան ուսումնասիրությունների զարգացման ուղղափառ կենտրոնի, Հայկական հետազոտությունների հասարակության, Աստվածաշնչյան գրականության հասարակության, Արևելյան Ուղղափառ եկեղեցիների մշտական խորհրդի, Արևելյան հետազոտությունների ամերիկյան դպրոցի, Նյու Յորքի տնօրենների խորհրդի մարդաբանական թանգարանի:
2008 թ.-ից առ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանի վարդապետական թեզերի քննության հանձնախմբի անդամ է: Աստվածաշնչյան գրականության հասարակության ՙԱստվածաշունչը Արևելյան և Արևլյան Ուղղափառ ավանդություններում՚ խորհրդի նախագահ է, 2006 թ-ից առ այսօր Աստվածաշնչյան ուսումնասիրությունների զարգացման ուղղափառ կենտրոնի ամսագրի գլխավոր խմբագիրն է, Նյու-Յորքի Խորհրդական, Ծիսական հրատարակությունների թեմական խորհրդի խորհրդատու 2005 թ.-ից առ այսօր, Ս. Ներսես Աստվածաբանական պարբերականի խմբագիր 1998 թ.-ից առ այսօր:
Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան
Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը (ավազանի անունը՝ Հրաչ) ծնվել է 1966 թ. Իրաքի Մուսուլ քաղաքում:
1972-1979 թթ. սովորել է Բաղդադի միջնակարգ դպրոցում:
1979-1986 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր Ճեմարանում: 1986 թ. փետրվարի 14-ին Ս. Էջմիածնում ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:
1986-1987 թթ. գործուղվել է Իրաքի հայոց թեմ՝ որպես սարկավագ:
1988 թ. մարտի 10-ին Էջմիածնի Հոգևոր Ճեմարանում պաշտպանել է ավարտաճառը ՙԵվսեբիոս Կեսարացին հայ մատենագրության մեջ՚ թեմայով և արժանացել գերազանց գնահատականի:
1988-1990 թթ. ԵՀԽ հովանավորությամբ սովորել է Ժնևի համալսարանում: Միևնույն ժամանակ ծառայել է Ժնևի Ս. Հակոբ եկեղեցում որպես քարտուղար և սարկավագ, դասավանդել է կիրակնօրյա դպրոցում: Հիմնել է Շվեցարահայ Երտասարդաց Միությունը:
1990-1992 թթ. ծառայել է Հոլանդիայի Ս. Հոգի եկեղեցում` որպես քարտուղար, սարկավագ, խորհրդատու եկեղեցական վարչության, հիմնել է կիրակնօրյա վարժարան:
1993 թ. փետրվարի 18-ին` ձեռամբ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա Բաղդադի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում, սպասավորել է իբրև հոգևոր հովիվ, դասավանդել քրիստոնեական կրոն Բաղդադի ՙՍրբոց Թարգմանչաց՚ Հայ Եկեղեցասիրաց Կազմակերպությունում և կիրակնօրյա վարժարաններում:
1993-1996 թթ. հոդվածներով հանդես է եկել ՙԼրաբեր՚ և ՙՁայն՚ իրաքահայ ամսագրերում:
1996-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին նշանակվել է Պոլսի Հայոց Պատրիարքարանի ՙԼրաբեր՚ շաբաթաթերթի խմբագրության անդամ և հանդես է եկել մի շարք հոդվածներով:
1996-1997 թթ.-ի հրավիրվել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, ծառայել է Հայ Եկեղեցու ՔԴԿ-ում, դասախոսել Էջմիածնի կիրակնօրյա վարժարաններում, Կրոնի ուսուցիչների վերապատրաստման լսարաններում, քարոզներով հանդես է եկել Հայաստանի Պետական հեռուստատեսութեամբ ՙՍիրեցէք զմիմեանս՚ և ՙԽորան Լուսոյ՚ հաղորդաշարերով, ինչպես նաև ձայնասփյուռով:
1997 թ.-ի սեպտեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Հայրապետի հովանավորությամբ նշանակվել է Լուար նահանգի Սենթ-Էթիենի ու շրջանի հայոց հոգևոր հովիվ:
1997-1998 թթ. ուսանել է ֆրանսերեն լեզու և գրականություն Սենթ-Էթիենի Ժան Մոնե համալսարանում:
1997-2004 թթ. Սենթ-Էթիենի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հիմնել է ՙԹարգմանչաց՚ երգչախումբ, կիրակնօրյա վարժարան, Տիկնանց եկեղեցասեր հանձնախումբ, հայոց լեզվի դասարաններ երիտասարդության համար և ՙՀայ Լուար մաքազին՚ եռամսյա թերթը:
2000-2004 թթ. հանդես է եկել Սենթ-Էթիենի Կաթոլիկ Եկեղեցու RCF ռադիոկայանի Հայ Եկեղեցու մասին հաղորդաշարերով:
1999 թ. պաշտպանել է իր վարդապետական թեզը ՙՄատաղը հայ աստուածաբանության մեջ՚ թեմայով Լիոնի համալսարանի հայագիտական բաժնում և սեպտ. 12-ին Լիոնի Ս. Հակոբ եկեղեցում ստացել է վարդապետական աստիճան` ձեռամբ Տ. Նորվան եպիսկոպոս Զաքարյանի:
2004 թ. ապրիլին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Հոլանդիայի Հայոց հոգևոր հովիվ:
2004-2010 թթ. հիմնել է Հոլանդիայում հինգ եկեղեցական ծուխեր՝ Արնհեմ, Տոտրեխդ, Ասսըն, Այնթհովեն եւ Մաստրիխդ քաղաքներում, ինչպես նաև Ալմելոյի ՙԳեղարդ՚ երգչախումբը, կիրակնօրյա վարժարանը, Սուրբ Գրոց Լսարանը և Հայ Եկեղեցասիրաց Կազմակերպությունը ( VAJA ):
2007 թ. հոկտեմբեր 14-ին կատարել է Ամստերդամի Հայ Եկեղեցասիրաց Կազմակերպության (AYO) բացումը:
2008 թ. Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ վերանորոգել է հայոց հինավուրց Սուրբ Հոգի եկեղեցին:
2010 թ. Ամստերդամի վարչության նախաձեռնությամբ կանգնեցրել է Ամստերդամի Տիմըն գերեզմանոցի մեջ խաչքար-հուշարձան` նվիրված Հայոց Նահատակների հիշատակին: Հրատարակել է Հոլանդիայի Հայոց Հոգևոր Հովվության պատկերազարդ եկեղեցական օրացույցը և կազմակերպել է սուրբ Պատարագի թարգմանությունը հոլանդերենի:
2010թ. սեպտեմբեր 21-ին միաձայնությամբ ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ:
Հրատարակել է բազմաթիվ գիտական հոդվածներ, սփյուրքահայ մամուլում մի շարք հրապարակումների հեղինակ է:
Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան
Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (ավազանի անունը` Արման) ծնվել է 1977 թ. Մասիս քաղաքում:
1983-1993 թթ. սովորել և ավարտել է Մարմարաշենի միջն. դպրոցը:
1993-1998 թթ. սովորել է Սևանի Վազգենյան դպրանոցում:
1998-1999 թթ. ուսումը շարունակել է Գևորգյան հոգևւոր ճեմարանում:
1999 թ. մայիսի 23-ին ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի:
2000 թ. նշանակվել է ՙԳարեգին Ա՚ գիտական կենտրոնի նյութական պատասխանատու:
2000 թ. Գևորգյան հոգևոր ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ ՙԳրիգոր Խլաթեցու Հայսմավուրքն ըստ Էջմիածնի մատենադարանի ձեռագրերի՚ թեմայով:
2001 թ. հունվարի 14-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` վերանվանվելով Գևորգ աբեղա Սարոյան:
2002-2003 թթ. սովորել է ՙԸնդհանուր հոգեբանություն եւ փիլիսոփայություն՚ Նյու Յորքի ՙՔոնքորդիա՚ քոլեջում:
2003-2005 թթ. սովորել է Մեծ Բրիտանիայի Լիձի համալսարանում` ստանալով աստվածաբանության եւ հովվագիտության բակալավրի աստիճան:
2005-2006 թթ. սովորել է Օքսֆորդի համալսարանում` ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան:
2006-2007 թթ. աշխատել է ՙԳարեգին Ա՚ գիտական կենտրոնում որպես փոխտնօրեն:
2007 թ. նշանակվել է Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ, իսկ 2008- 2010 թթ. աշխատել է որպես տեսուչ:
2010 թ. պաշտպանել է վարդապետական թեզ ՙԵրվանդ Տեր-Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը և նրա առնչությունները լիբերալ բողոքական դպրոցի հետ՚ թեմայով: Նույն թվականին ստացել է մասնավոր վարդապետության աստիճան Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռամբ:
2010 թ. դեկտեմբերի 10-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ:
Տ. Մուշեղ վարդապետ Բաբայան
Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը (ավազանի անունը` Նելսոն) ծնվել է 1978 թ. Գորիսի շրջանի Տաթև գյուղում:
1984-1994 թթ. սովորել է Տաթևի Ս. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում:
1994 թ. ընդունվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան:
2000 թ. մարտի 2-ին, Սրբոց Վարդանանց տոնինª ձեռամբ Տ. Նավասարդ եպս. Կճոյանի, ձեռնադրվել է սարկավագ:
2000 թ. ավարտել է ճեմարանը և աշխատանքի անցել Վեհա¬րա¬նում` որպես Մայր Աթոռ-թեմեր ¥այժմ` Դիվանատուն¤ բաժնի գործավար-քարտուղար և Վե¬հափառ Հայրապետի արարողապետ:
2000-2001 թթ. Հայաստանի Ամերիկյան համալսարանում հետևել է ՙԿա¬ռա¬վար¬ման դասընթացներ ճեմարանականների համար՚ ծրագրին:
2001 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սովորել է Ժնևի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետին կից Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ՙԲոսսե՚ Էկումենիկ ինստիտուտում:
2002 թ. ապրիլի 11-ին պաշտպանել է ավարտաճառ ՙԷջմիածնի միաբա¬նութ¬յու¬նը և նրա հոգևոր վերազարթոնքն ըստ Առաքել Դավրիժեցու՚ թեմայով:
2002 թ. ապրիլի 28-ին, Սուրբ Խաչի երևման տոնինª ձեռամբ Տ. Նավասարդ եպս. Կճոյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
2002-2004 թթ. ուսանել է Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի Հոգևոր Ակադեմիայի ասպիրանտուրայում:
2004 թ. եղել է Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու վանահայրը:
2004 թ. մայիսի 7-ին Մոսկվայի Հոգևոր Ակադեմիայում պաշտպանել է թեկնածուական աշխատանք ՙՍ. Գրիգոր Նարեկացու կրոնաբարոյական հայացքները՚ թեմայով` ստանալով Աստվածաբանական գիտությունների թեկնածուի կոչում:
2004 թ. վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նշանակվել Ինտերնետային գրասենյակի փոխտնօրեն, հայկական բաժնի պատասխանատու, միաժամանակ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում դասավանդել ՙՀայ Եկեղեցու պատմություն՚ առարկան:
2006-2007 թթ. ուսանել է Հռոմի Պապական Սալեզյան համալսարանում:
2007-2008 թթ. եղել է Մայր Աթոռի տնտեսական բաժնի տնօրենի պաշտոնակատար:
2008-2009թ. նշանակվել է Վարչակազմակերպական գործերի փոխկառավարիչ:
2009թ. մայիսից ցայսօր Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրենն է:
2011 թ. հուլիսի 2-ին պաշտպանել է վարդապետական թեզ ՙՍ. Գրիգոր Նարեկացու կրոնաբարոյական հայացքները ըստ ՙՄատեան Ողբերգութեան՚՚ թեմայով` ձեռամբ Տեր Փառեն եպիսկոպոսի ստանալով վարդապետական աստիճան:
Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում դասավանդում է ՙՀայ Եկեղեցու պատմություն՚ առարկան:
Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան
Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը (ավազանի անունը` Արթուր) ծնվել է 1978թ. Գյումրի քաղաքում:
1985-1993 թթ. սովորել է տեղի Պետրոս Դուրյանի անվան թիվ 28 միջնակարգ դպրոցում£
1993-1997 թթ. ուսանել և ավարտել է Շիրակի թեմի Հոգևոր Ընծայարանը£
1997-2003 թթ. ուսանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում£
2002 թ. դեկտեմբերի 24-ինª Ս. Ստեփաննոս նախավկայի տոնին, ձեռամբ Տ. ՆԵրսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ£
2003 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ աշխատանքի է անցել Կաթողիկոսարանումª որպես պարետ£
2003 թ. հոկտեմբերի 30-ին պաշտպանել է ավարտաճառª ՙՀովհան Օձնեցու արմատական բարեփոխումները հայոց Ճաշոց-տոնացույցում՚ թեմայով£
2003 թ. նոյեմբերի 23-ին, ձեռամբ Տ. Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա£
2004 թ. ուսանել է Գերմանիայի Արևելյան եկեղեցիների ինտիտուտում` հետևելով գերմաներենի դասընթացներին:
2006 թ. հունիսի 20-ից նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր:
2008 թ. դեկտեմբերի 20-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արարողապետ` շարունակելով գավազանակրի պարտականությունը:
2010 թ. ապրիլի 15-ին պաշտպանել է վարդապետական թեզ ՙԹոնդրակեցիների կեղծ աղանդը՚ թեմայով:
2010 թ. ապրիլի 20-ին ստացել է Վարդապետական մասնավոր չորս աստիճանները` ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմաիծնի Լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթակչյանի: Նույն տարում մեկնել է ԱՄՆ-ի Սան Կլաուդ քաղաքի Սուրբ Հովհաննես համալսարան` հետևելով աստվածաբանության դասընթացներին:
2010 թ. դեկտեմբերի 20-ին Նորին Սրբության բարձր տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետի պաշտոնակատար:
2011 թ. սեպտեմբերի 7-ին Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ: