Եպիսկոպոսական ձեռնադրություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Նոյեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն: Հընթացս Սբ. Պատարագի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում ստացան Մայր Աթոռի պատկան վանքերի տեսուչ Տ. Արարատ ծայրագույն վարդապետ Գալթագճյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու վանահայր Տ. Անուշավան վարդապետ Ժամկոչյանը եւ Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մարկոս վարդապետ Հովհաննիսյանը:
Նախորդ օրը, երեկոյան Մայր Տաճարում Իջման Սբ. Սեղանի առջեւ կատարվեց ուխտադրության կարգ, որի ընթացքում ընծայացուներն ուխտեցին հավատարիմ մնալ Սբ. Ավետարանին, Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու սրբազան կանոններին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին եւ ստորագրեցին երդմնագրերը:
Նոյեմբերի 19-ին Հայրապետական պատարագի ընթացքում Սբ. Ստեփանոսի խորանի առջեւ նախ կատարվեց ընծայացուների հավատքի ուղղափառության քննություն: Ձեռնադրվելիք եպիսկոպոսների մասին Վեհափառ Հայրապետին վկայեցին Հայ Եկեղեցու նվիրապետական աստիճանների ներկայացուցիչները` դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաեւ ժողովրդին ներկայացնող աշխարհականներ:
Այնուհետեւ Սբ. Պատարագը շարունակվեց Մայր Տաճարի ավագ խորանին: «Աստվածային եւ երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո երեք վարդապետները, դառնալով դեպի հավատացյալ ժողովուրդը, վեր բարձրացրին իրենց ձեռքերը` ի նշան հրաժարման աշխարհից եւ հոգեւոր կյանքին բոլորանվեր նվիրման: Ապա աղոթքների ընթերցմամբ Նորին Սրբությունը ընծայացուներին կոչեց եպիսկոպոսության եւ սրբալույս մյուռոնով օծեց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները, որպեսզի իբրեւ Աստծո պաշտոնյաներ իրենց անձերի ընծայումով շարունակեն բարի ծառայություն բերել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Ձեռնադրության արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվեցին նաեւ եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազաններ եւ մատանիներ, ինչպես նաեւ ի նշան Աստծո Խոսքի անձանձիր քարոզչության` Սբ. Ավետարան:
Օծման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ուղղեց նորաօծ եպիսկոպոսներին: «...Դուք արժանացաք եպիսկոպոսական պատվավոր կոչումին ու աստիճանին, որը պատվից առավել սպասավորություն է եւ սպասավորությունից առավել հանուն Աստծո եւ ժողովրդի բոլորանվեր ինքնընծայում` ըստ Քրիստոսի օրինակի, Ով չեկավ պաշտոն առնելու, այլ ծառայելու. «ոչ եկն պաշտօն առնուլ, այլ պաշտել»: Արդարեւ', խաչը վերցնելու եւ Տիրոջը հետեւելու կոչը հրավեր է գործելու եւ արարելու հանուն հավատավոր ժողովրդի փրկության եւ նրանց հոգեւոր մխիթարության: Այս համոզումով պետք է արժեւորվի բոլոր հոգեւորականների, առավել եւս եպիսկոպոսի գործունեությունը, ով Սուրբ Հոգով կարգված հոգեւոր տեսուչն է հավատացյալների, նախանձախնդիր պահապանը Սբ. Եկեղեցու ուղղափառ վարդապետության, մշտարթուն ծառայողը ի խնդիր Եկեղեցու պայծառության, ժողովրդի անաղարտ հավատքի զորացման եւ նրանց առաքինասեր գործերի հաջողության»,- մասնավորապես ասաց Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը մաղթեց, որ նորաօծ եպիսկոպոսներն առավել անձնվիրությամբ ու իմաստությամբ շարունակեն տերունապատվեր խաչը հանձն առած իրենց ծառայությունը բերել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
Հավարտ Սբ. Պատարագի Մայր Աթոռում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Հայոց Հայրապետը նորաօծ եպիսկոպոսներին նվիրեց պանակեներ` իբրեւ եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշ:
Առաջիկա օրերին Արարատ, Անուշավան եւ Մարկոս եպիսկոպոսները ուխտի պատարագներ կմատուցեն Մայր Տաճարում: