«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն  Մայր Աթոռ Ս. Էջմիածնում  13.07.2012
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

 

Հուլիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը: Հայոց Եկեղեցու հաստատած այս մրցանակն այս տարի շնորհվեց կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին:

Արարողության սկզբում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցների եւ հյուրերի ներկայությունը Ս. Էջմիածնում ողջունեց Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սրբազան հայրը խոսեց հայ կինեմատոգրաֆիայի պատմության, ապա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի առաքելության մասին: Իր խոսքում Սրբազանը նաեւ անդրադարձավ Հայ Եկեղեցու մշտամնա հոգատարությանը հայ մշակույթի եւ հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ: Ներկայացնելով մեծարյալի ստեղծագործական վաստակը` Սրբազան հայրը մաղթեց մեծանուն կինոռեժիսորին նորանոր ստեղծագործական հաջողություններ ու ձեռքբերումներ:

Մրցանակաբաշխության առիթով խոսքով հանդես եկան եւ տիար Սոկուրովին շնորհավորեցին «Եղիցի լույս» մրցանակի խորհրդի անդամ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը եւ կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: Կինոարվեստը նկատելով իբրեւ լույսի արվեստ` հասցեագրված մարդկանց հոգիներին, նրանք խոսեցին նաեւ փառատոնի շրջանակներում Հայ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի կարեւորության մասին:

Այնուհետեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր-կրթական հաստատությունների տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը ընթերցեց հայրապետական վկայագիրը, որից հետո ներկաների ծափողջյունների ներքո Ամենայն Հայոց Հայրապետը «Եղիցի լույս» մրցանակը շնորհեց ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին` հոգեւոր, մշակութային եւ մարդասիրական արժեքների քարոզչության եւ համաշխարհային կինոարվեստում իր նշանակալի ավանդի համար:

Մրցանակաբաշխությունից հետո ներկաների հետ իր զգացումները կիսեց պրն. Սոկուրովը: Շնորհակալություն հայտնելով Հայրապետական մրցանակի արժանանալու բարձր պատվի համար` հայտնի կինոռեժիսորն անդրադարձավ կինեմատոգրաֆիայի կարեւոր առաքելությանը մարդկության կյանքում, արվեստի այս ճյուղի այսօրվա զարգացման ուղիներին ու արժեքներին:

Արարողությունը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով եւ «Պահպանիչ» աղոթքով: Նորին Սրբությունը, ողջունելով կինոփառատոնի մասնակիցների ներկայությունը Մայր Աթոռում, իր գնահատանքը հայտնեց փառատոնի հիմնադիր-տնօրենին եւ կազմակերպիչներին, ինչպես նաեւ «Եղիցի լույս» մրցանակի շնորհման հանձնախմբին: Վեհափառ Հայրապետը իր օրհնությունն ու շնորհավորանքը բերեց նաեւ Ալեքսանդր Սոկուրովին` մաղթելով Աստծու զորակցությունը նրա ստեղծագործական կյանքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ սա գեղեցիկ մի ավանդույթ կդառնա Հայոց Եկեղեցու կյանքում, երբ վաստակաշատ արվեստագետներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ամեն տարի կարժանանան «Եղիցի լույս» մրցանակի: