«Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. մարդկային կյանքը՝ Աստծո պարգև» խորագրով միջեկեղեցական նիստը
Ապրիլի 22-ին Երևանի Մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային երկօրյա համաժողովը, որի աշխատանքներին մասնակցում էին հայ և օտարերկրացի հասարակական, քաղաքական գործիչներ, Քրիստոնեական տարբեր Եկեղեցիների ներկայացուցիչներ, կրթության և գիտության մշակներ:
Համաժողովի բացման հանդիսավոր արարողությունից հետո «Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. մարդկային կյանքը՝ Աստծո պարգև» խորագրի ներքո տեղի ունեցավ առանձին միջեկեղեցական նիստ` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանի, ինչպես նաև մասնակցությամբ Քույր Եկեղեցիների հոգևոր պետերի ու պատվիրակությունների, միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդների: Նիստը վարում էր Գերշ. Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը։
Նիստի սկզբում Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Թևադրոս Բ-ն աղոթեց Մերձավոր Արևելքում հակամարտությունների ընթացքում զոհվածների հոգիների հանգստության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության վերահաստատման համար:
Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամը փոխանցեց ներկաներին:
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ
«ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ»
ԳԼՈԲԱԼ ՖՈՐՈՒՄԻ ԵՆԹԱԲԱԺՆԻ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔԻՆ
Սիրելի հոգևոր եղբայրներ ի Քրիստոս,
Փառք ենք մատուցում Բարձրյալ Տիրոջը այս համախմբման համար: Աստծո կամքով մեկտեղվել ենք այսօր Հայոց Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման առիթով` եղբայրական սիրով, աղոթքով և համատեղ ջանքերով վկայելու և իրագործելու «զի ամենեքեան մի իցեն» (Հովհ. 17:21) Քրիստոսավանդ պատգամը:
20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրվեց և գործադրվեց Ցեղասպանության հրեշավոր ոճրագործությունը. միլիոնավոր հայեր տեղահանվեցին իրենց հայրենի բնօրրանից և բնաջնջվեցին, իսկ շատերը բռնի հավատափոխ եղան: Եղեռնագործությունների ալիքը չշրջանցեց նաև Օսմանյան Կայսրության ազգային և կրոնական մյուս փոքրամասնություններին, ինչպես` եղբայրական հույն և ասորի ժողովուրդների զավակներին:
Սիրելի հոգևոր եղբայրներ, Ձեր երկրներում Տիրոջից Ձեր խնամքին հանձնված Քրիստոսասեր հոտի հետ կողք կողքի, հաղորդ Ձեր հոգսերին և ուրախություններին, այսօր ապրում և գործում են մեր ազգի բազմաթիվ զավակներ, ովքեր ժառանգներն են փրկված և աշխարհով մեկ սփռված հայերի: Նրանք կենդանի վկաներն են Ցեղասպանության ահռելի ոճրագործության: Նրանք նաև մեր պատասխանն են ընդդեմ Ցեղասպանության ժխտողականության: Հավատավոր Մեր ժողովրդի անունից երախտագիտություն ենք հայտնում Ձեզ, որ Ձեր մշտական հայրական օրհնության ներքո հոգատարություն ու սեր եք դրսևորում Մեր զավակների նկատմամբ:
Ձեզանից շատերը` ժամանել են Մերձավոր Արևելքի երկրներից: Այսօր Ձեր երկրների սահմաններից ներս են հանգչում Օսմանյան Կայսրության անապատներում սպանված հայորդիների աճյունները, որոնք Հայտնության գրքի խոսքերով դեռ սպասում են իրենց արդար վրեժի հատուցմանը (հմմտ. Հայտն. 6:9-10): Մենք հավատում ենք, որ աշխարհում արդարությունը պիտի հաստատվի ամուր հիմքերի վրա` հանուն մարդկության բարօրության, խաղաղ ու համերաշխ կեցության:
Ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում ուղեկցվեց նաև մշակութային եղեռնով: Բազմաթիվ սրբավայրեր` եկեղեցիներ, վանքեր, մենաստաններ, հոգևոր ու մշակութային նվիրական արժեքներ անդառնալիորեն ոչնչացվեցին: Շատերդ առիթ ունեցել եք լինելու Թուրքիայում և այցելելու քրիստոնեական սրբատեղիները, որոնցից շատերում այլևս աղոթք չի հնչում, և որոնք խոնարհված են և կամ միտումնավոր անուշադրության մատնված` ենթակա փլուզման:
Այսքանը սոսկ ուրվագծային պատկերն է 20-րդ դարասկզբի հրեշավոր ոճրագործության: Ցեղասպանությանը հաջորդած 100 տարիները ազգային մեր կյանքում եղան վեր հառնելու և մեր ժողովրդի նկատմամբ արդարությունն իրականացնելու պայքարի ճանապարհ: Մխիթարություն է եղել մեր ազգի համար, երբ այդ դժվարին ճանապարհին մեզ զորակցություն են բերել քրիստոնեական մեծ ընտանիքի մեր եղբայրները, բարեսեր մարդիկ և ժողովուրդներ: Մենք մխիթարություն ենք ապրել նաև, երբ զգացել ենք աջակցությունը քաղաքակիրթ և առաջադեմ մարդկության, երբ տարբեր երկրներ, կազմակերպություններ և անհատներ ճանաչել ու դատապարտել են 20-րդ դարասկզբի ոճրագործությունը:
Քրիստոսի Եկեղեցին տերունապատվեր առաքելություն ունի` աստվածային կենարար խոսքի քարոզությամբ հաստատելու սեր, եղբայրություն և համերաշխություն, նպաստելու մարդկության դեմ հանցագործությունների չարիքի կանխարգելմանը և հետևանքների վերացմանը: Ոճրագործությունները` լինեն մարդասպանություն, ահաբեկչություն, թե ցեղասպանություն, ոտնձգություն են ընդդեմ աստվածային արարչագործության, ընդդեմ մարդկային կյանքի սրբության և արժանապատվության: Ցանկացած ոճիր, եղեռնագործություն` իբրև Աստծո և մարդու դեմ գործված մեղք, պետք է քավվի խոստովանությամբ, զղջմամբ և հատուցմամբ: Եկեղեցին, որ առաջնորդվում է «ամենայն ինչ ձեր սիրով լիցի» (Ա Կորնթ. 16:14) առաքելապատվեր պատգամով և հավատարիմ է «սիրիր մեղավորին, բայց ատիր մեղքը» Եկեղեցու հայրերի հորդորին, մեղավորի կամ հանցավորի հանդեպ քրիստոնեական սիրո դրսևորումը երբեք չի դիտում որպես մեղքի կամ հանցանքի հետ հարմարվողականություն և համակերպում: Կասկածից վեր է, որ նախորդ ոճիրների դատապարտումով է մեծապես պայմանավորված նոր չարիքների ու նոր հանցագործությունների կանխարգելումը:
Սիրելի հոգևոր եղբայրներ, մեր այս համախմբումը ևս մեկ հնարավորություն է դատապարտության մեր ձայնը բարձրացնելու ընդդեմ մարդկության դեմ գործված հանցագործությունների, որոնք արդար գնահատական չեն ստացել, ինչպես և` այսօր իրագործվող ոճրագործությունների, հատկապես` Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների և ահաբեկչության, նաև` մեր կոչն ուղղելու բոլոր ժողովուրդներին, պետությունների, միջազգային կառույցների պատասխանատուներին` գործադրելու ամեն ջանք հաղթահարելու համար կյանքեր խլող, ավերներ սփռող այդ հանցագործությունները: Մեզ համար խոր ցավ էր Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառումների նախօրեին տեղեկանալ, որ Լիբիայում ծայրահեղականների կողմից, ինչպես ամիսներ առաջ ղպտի քրիստոնյաների պարագային, իրականացվել է հերթական ոճրագործությունը Եթովպիայի Եկեղեցու հավատացյալների նկատմամբ, որի հետևանքով Մեր սիրեցյալ եղբայր Մաթիաս Պատրիարքը չկարողացավ մասնակցություն բերել հիշատակի այս արարողություններին: Մեր զորակցությունն ենք բերում սիրեցյալ Մեր եղբորը և իր հավատավոր հոտին` աղոթելով, որ Երկնավոր Տերը լուսեղեն օթևաններում ընդունի Եթովպիական Եկեղեցու նահատակ զավակների հոգիները:
Եղբայրական Մեր սերը, բարեմաղթանքներն ու շնորհակալությունն ենք բերում Ձեզ ամենքիդ Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառումներին Ձեր մասնակցության համար:
Աղոթում ենք, որպեսզի Ամենագութ Աստված օգնական և աջակից լինի մեզ, հաջողություններ պարգևի մեր առաքելությանը` շարունակելու մեր միասնական ջանքերը հանուն աշխարհում խաղաղության, արդարության և համերաշխության հաստատման` ի փառս Աստծո, ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն համայն մարդկության: